Առողջապահություն

Այսօր Ճարպակալման դեմ պայքարի միջազգային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ավելցուկային քաշը և ճարպակալումը ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ), մասնավորապես, սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, քաղցկեղների զարգացման ռիսկի գործոն են, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Վերջին 30 տարվա ընթացքում, ըստ ԱՀԿ տվյալների, աշխարհում ճարպակալում ունեցող մարդկանց թիվը մեծահասակների շրջանում աճել է կրկնակի, դեռահասների շրջանում` եռակի: 2016 թվականին ավելի քան 1.9 մլրդ մեծահասակ (բնակչության 39%) ունեցել է ավելորդ քաշ, որից 650 մլն (13%)՝ ճարպակալում: ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի երկրներում մեծահասակ բնակչության կեսը և ամեն հինգերորդ երեխան ունեն ավելորդ քաշ, իսկ նրանց մեկ երրորդը տառապում է ճարպակալմամբ:

2019 թվականին ԱՀԿ-ի իրականացրած հետազոտությունների համաձայն` աշխարհում մոտ 38 միլիոն մինչև 5 տարեկան երեխա ունի ճարպակալում կամ հավելյալ քաշ:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ավելցուկային քաշն ու ճարպակալումը հանրային առողջության կարևորագույն խնդիրներից են:

STEPS ազգային հետազոտության արդյունքների համաձայն՝ Հայաստանի 18-69 տարեկան բնակչության 47.8%-ի մոտ առկա է ավելցուկային քաշ և ճարպակալում: Տղամարդկանց մոտ ավելցուկային քաշի և ճարպակալման ցուցանիշները կազմել են 45.4%, իսկ կանանց մոտ` 50.1%: Ավելցուկային քաշն ու ճարպակալումն աճում են տարիքին զուգահեռ` 45-69 տարեկանների շրջանում ցուցանիշը 3 անգամ բարձր է այլ տարիքային խմբերի համեմատ:

Ժողովրդագրության և առողջության հարցերի 2015թ. հետազոտության տվյալների համաձայն՝ մինչև 5 տարեկան երեխաների շուրջ 15%-ն ունեցել է ավելորդ քաշ կամ գիրություն: Ըստ դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության տվյալների` 11 տարեկանների շրջանում դեռահաս աղջիկների 18%-ի և տղաների 26%-ի մոտ նկատվում է ավելորդ քաշ կամ գիրություն, սակայն 15 տարեկանում այս թվերը նվազում են՝ աղջիկների շրջանում հասնելով 6%-ի և տղաների` 15%:

Ավելցուկային քաշի ու ճարպակալման կանխարգելման տեսակետից մեծ նշանակություն ունի սննդամթերքի ճիշտ ընտրությունը և ընդունման ձևը, քանի որ ցանկացած սննդանյութի անբավարար կամ հավելյալ քանակությունը կարող է վատթարացնել մարդու առողջությունը: STEPS ազգային հետազոտության տվյալների համաձայն՝ բնակչության 10-ից 4-ն օգտագործում է 1-2 չափաբաժին, ինչն ըստ ԱՀԿ խորհրդատվության, բավարար չէ առողջ սննդակարգի համար և ավելացնում է ՈՎՀ առաջացման ռիսկը:

Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության տվյալների (2017-2018թթ.) համաձայն` 11-15 տարեկան դեռահաս աղջիկների 66%-ը, տղաների 57%-ը oրական առնվազն մեկ անգամ միրգ են օգտագործում: 17 տարեկանների շրջանում այս թիվը հասնում է 53%-ի: Բանջարեղենի օգտագործումը 11-15 տարեկան աղջիկների շրջանում կազմում է 51%, տղաների շրջանում`43%, 17-տարեկանների շրջանում` 41%:

Հայտնի փաստ է, որ ռիսկի գործոնների նվազեցման միջոցով ՈՎՀ-ի կանխարգելումը բազմապատիկ ծախսարդյունավետ է, քան դրանց վաղ հայտնաբերմանն ու բուժմանն ուղղված միջոցառումները: Ընդ որում, այդ գործոնների շարքում առավել վճռորոշ է առողջ սննդային վարքագծի ձևավորումը՝ սկսած վաղ մանկությունից, ներառյալ 6 ամիս բացառապես կրծքով կերակրումը և ժամանակին հավելյալ սնուցման կազմակերպումը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում առավել քան անհրաժեշտ է վերահսկել մարմնի զանգվածը, քանի որ միջազգային փորձի ուսումնասիրությունները փաստում են ավելցուկային քաշի/ճարպակալման և կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի միջև պատճառահետևանքային կապը: Ճարպակալում ունեցողների մոտ առկա են հիվանդություններ, որոնք վատթարացնում են COVID-19-ի ընթացքը. 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի ճարպակալումը խթանում է թոքաբորբի արագ զարգացումը:

Համավարակի պայմաններում առավել կարևոր է հետևել առողջ սննդակարգին, լինել ֆիզիկապես ակտիվ և հետևել բժշկի ցուցումներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ