fbpx
Մշակույթ

Այսօր Մինասի ծննդյան օրն է

«Ես նկարում եմ լույսը, ոչ թե նյութը։ Լույսն ինձ մոտ գույն է… Ես կյանքին հեռվից եմ նայում, դրա համար էլ իմ նկարներում մանրուքները տեսանելի չեն», – սրանք հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի խոսքերն են, ով այսօր կդառնար 92 տարեկան։

Մինասը ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին՝ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։

Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ կենդանկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում։ Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը և իտալական վերածննդի նկարչությունը, որին ծանոթացել է Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ) ուսանելու տարիներին։

Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։

Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։

Անդրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն և այլն։

Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–ից 1975 թվականներին, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ 500 մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար, 20 մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ։

1975 Փետրվարի 16-ին Մինասը Երևանում ենթարկվում է ավտովթարի։ Վախճանվում է մեկ շաբաթ անց՝ փետրվարի 23-ին:

Նշենք, որ այժմ գործում է Մինաս Ավետիսյանի արվեստանոց-թանգարանը Երևանում։ Այն գտնվում է Երևանի Նալբանդյան փողոցում։ Մինասի տուն-թանգարան է գործում նաև հայրենի Ջաջուռում, որը վերաբացվել է 2005 թվականին։ Մինչև 2008 թվականը թանգարանում ցուցադրվում էին բացառապես կրկնօրինակներ, իսկ դրանից հետո բացվեց նկարչի բնօրինակների ցուցադրությունը՝ շուրջ 30 կտավ, որն ամենամեծաքանակն է Հայաստանում։

Հավելենք նաև, որ Մինաս Ավետիսյանը 1969 Նկարահանվել է Միքայել Վարդանովի Հայկական հողի գույնը ֆիլմում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ