fbpx
Արցախ

Այսօր Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրն է

Monte

Հունիսի 12-ին Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հրամանատար, ՀՀ բանակի փոխգնդապետ (1994, հետմահու), ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի  ակտիվ մասնակից Մոնթե (Ավո) Մելքոնյանի հիշատակի օրն է:

Մոնթե Չարլզի Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում Մեծ եղեռնից փրկված և ԱՄՆ-ում հանգրվանած հայ ընտանիքում։ 1972 թվականիի ամռանը Մոնթե Մելքոնյանը ավարտում է միջնակարգ դպրոցը։ Մինչ ավագ դպրոցի նոր ուսումնական տարվա մեկնարկը դպրոցի տնօրեն Դեյվիդ Գրեյմսը նրան առաջարկում է մեկնել Ճապոնիա՝ երկրի ամենահեղինակավոր «Tokyo Kamata High School» դպրոցում ուսումը շարունակելու նպատակով։Այս որոշումը պատահական չէր կայացվել, քանզի Մոնթեն երկար ժամանակ այցելում էր կարատեի խմբակներ և Կալիֆոռնիայի նահանգի պատանիների մինչև 14 տարեկանների խմբի չեմպիոնն էր, ուսումնասիրել էր ճապոնական մշակույթը, այդ թվում՝ մասնակցել էր ճապոներեն լեզվի դասընթացներին։ Մեկ ու կես տարում ճապոնական Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո մեկնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայական վանականի մոտ։ Ապա գնում է Վիետնամ, ականատես լինում պատերազմական գործողություններին, ստեղծում բազմաթիվ լուսանկարներ մոլեգնող պատերազմի մասին։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։

20 տարեկանում ընդունվել է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարան և ավարտել այն կրկնակի տիտղոսով՝ ստանալով «Հնագիտության և ասիական պատմության մասնագետի» վկայականներ։ Համալսարանում ուսանելիս հիմնում է«Հայ ուսանողական միությունը»: 1978-ին ընդունվել է Օքսֆորդի համալսարան, սակայն չի ավարտել, մեկնել է Լիբանան, քաղաքացիական պատերազմի ժամանակ մասնակցել (շուրջ 3 տարի) Բեյրութի հայկական թաղամասի պաշտպանական կռիվներին: Այստեղ նա սովորում է արաբերեն և արդեն 22 տարեկանում լիովին տիրապետում էր հայերենին, անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։

1980-ի մայիսից` Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ` ԱՍԱԼԱ) գլխավոր ռազմական մարզիչ: 1983-ին հեռացել է ՀԱՀԳԲ-ից (քաղաքական գծի և գործելակերպի հարցում անհամաձայնության պատճառով) և հիմնել ՀԱՀԳԲ-ի հեղափոխական շարժումը:

1985-ի նոյեմբերի 27-ին Փարիզում ձերբակալվել է կեղծ անձնագիր ու պայթուցիկ նյութեր ունենալու մեղադրանքով և բանտարկվել մինչև 1989-ը: 1990-ի հոկտեմբերից զինվորագրվել է Արցախի պաշտպանությանը: 1991-ի սկզբին հիմնել է «Հայրենասիրական ջոկատը»: 1992-ին` Մարտունիի պաշտպանական շրջանի հրամանատար: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:

Այս ընթացքում Մոնթե Մելքոնյանը հեղինակում է նաև բազմաթիվ հոդվածներ, որոնք տարբեր ժամանակներում տպագրվել են Փարիզի «Հայ Պայքար» և Լոնդոնի «Կայծեր» թերթերում, «Սարդարապատ» ամսագրում, նաև անգլերեն մի շարք գրքերում՝ հայոց ազգային հարցերի արդարացի պահանջի և իրավունքի մասին, որոնք լույս են տեսել Լոնդոնում։

Մոնթեն սպանվեց 1993 թվականի հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներում։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք», ԼՂՀ «Ոսկե արծիվ», «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով: 1994-ին Երևանում ստեղծվել է «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամը: Մոնթեի անունով է կոչվել ՊՆ ռազմական ուսումնարանը: ԼՂՀ Մարտունի քաղաքում տեղադրված է քանդակագործ Լևոն Թոքմաջյանի հեղինակած նրա հուշարձանը: Մոնթե Մելքոնյանը աճյունն ամփոփված է Եռաբլուր պանթեոնում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ