fbpx
Հասարակություն

Այսօր Մոնթեի ծննդյան օրն է

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարեց հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար, թեև հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ եր 8 լեզուների:

1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը: 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի Վան գործողությունը, որը Հ.Ա.Հ.Գ.Բ.-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին: 1981-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով: Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից: Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն…» :

1985-ին նա նորից կեղծ անձնագրով մտավ Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով: Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին և մի քանի տարի տարբեր երկրներում դեգերելուց հետո՝ ժամանեց Հայաստան, որտեղ արդեն սկսվել եր Արցախյան ազատագրական պայքարը: Այստեղ նա ընդունեց Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնեց Արցախ: 1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը: Այստեղ կարճ ժամանակում նա շահեց բնակչության սերն ու հարգանքը, իր անկեղծությամբ ու մաքրությամբ: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:

1993-ի հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝ մոտենում են, պարզվում է ադրբեջանցիներ են: Սկսվում է փոխհրաձգություն, որի արդյունքում սպանվում են Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը: Մոնթեի խոսքերն են. «Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդու, այդ մարդը Հայրենիքի ազատության զինվորն է։ Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ Ես երդում տված եմ. Արցախը իմ առաջին պայքարը չէ, և վստահ եմ, որ վերջինը չի ըլլա…»

Աղբյուր՝ Shamshyan.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ