fbpx
Առողջապահություն
14:00 29/09/2019

Այսօր սրտի համաշխարհային օրն է

Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ 1999 թվականին առաջին անգամ նշվել է Սրտի համաշխարհային օրը, ինչը հավանության է արժանացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից: Սրտի օրը նշելու նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկությունը սրտանոթային հիվանդությունների վերաբերյալ, ինչպես նաև նախաձեռնել զանգվածային միջոցառումներ՝ ուղղված բնակչության բոլոր տարիքային խմբերում սրտի իշեմիկ հիվանդությունների և գլխուղեղի կաթվածի կանխարգելմանը և առողջ ապրելակերպի քարոզմանը:

Այս տարվա Սրտի համաշխարհային օրվա կարգախոսն է «Իմ սրտը, քո սրտի և մեր բոլորի սրտերի համար», քանզի յուրաքանչյուր սրտի զարկ կարևոր է:

Սրտի համաշխարհային ֆեդերացիան «Սրտի համաշխարհային օրվան» ընդառաջ, կոչ է անում ստեղծել «Սրտի հերոսների» համաշխարհային համայնք. «փոխելով մեր ապրելակերպը, մենք կարող ենք նվազեցնել սրտի հիվանդույթունների առաջացման ռիսկը` բարելավելով կյանքի որակը և օրինակ ծառայելով հաջորդ սերունդներին»:

ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհում ամեն երկրորդ մահը գրանցվում է արյան շրջանառության համակարգի/սրտանոթային հիվանդություններից (ԱՇՀՀ)` տարեկան կազմելով շուրջ 17 մլն 900 հազար դեպք: Կանխարգելիչ և բուժման միջոցառումների բացակայության դեպքում 2030 թվականին մահվան դեպքերը կկազամեն 30 միլիոն:

Հայաստանում առավել տարածված չորս ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) մահացության բեռը կազմում է շուրջ 85%: Յուրաքանչուր երկրորդը մահանում է սրտանոթային հիվանդություններից (55.4%), որից 20%-ն արձանագրվում է 30-65 տարիքային խմբում: Վերջին 30 տարվա ընթացքում ԱՇՀՀ տարածվածության ցուցանիշն աճել է շուրջ 1.8 անգամ, իսկ մահացության ցուցանիշը` 1.4 անգամ: Հարկ է նշել, որ 2018 թվականին ԱՇՀՀ մահացությունը 2017-ի համեմատությամբ նվազել է` շուրջ 900 դեպքով: 2018 թվականին գրանցվել է սրտանոթային հիվանդությունների 54178 նոր դեպք: Ընդհանուր հիվանդների թիվը կազմել է 259 841:

Ստեղծված իրավիճակը պայմանավորված է բնակչության շրջանում ԱՇՀՀ-ի զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների բարձր տարածվածությամբ: Մտահոգիչ է նաև այն փաստը, որ յուրաքանչուր երկրորդ տղամարդը ծխում է, որի պատճառով զգալիորեն բարձր է սրտամկանի սուր ինֆարկտի տարածվածությունը տղամարդկանց շրջանում: Մեծահասակ բնակչության 51%-ի մոտ առկա է ավելցուկային քաշ, 22%-ը ֆիզիկապես թերակտիվ է, 38%-ն ունի գերճնշում, իսկ աղի օգտագործումը 2 անգամ բարձր է ԱՀԿ-ի կողմից սահմանված նորմից:

ԱՇՀՀ-ի կանխարգելումը և տնտեսական բեռի նվազեցումն առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից են: Այդ նպատակով մշակվել և իրականացվում են մի շարք ռազմավարական ծրագրեր և միջգերատեսչական միջոցառումներ, մասնավորապես` ՈՎՀ սքրինինգային ծրագիրը, որի շրջանակում 35-68 տարեկան Հայաստանի բոլոր քաղաքացիներն առաջնային օղակում կարող են անվճար հետազոտվել` զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման և ախտորոշման նպատակով:

2015թ. մեկնարկել է «Պետության կողմից երաշխավորված սրտի կորոնար անոթների անհետաձգելի վիրահատություններ» (Stent for Life) ծրագիրը: Ծրագիրն ապահովել է «Սրտամկանի սուր ինֆարկտ ST-էլևացիայով» ախտորոշման ժամանակ ինֆարկտ-պատասխանատու կորոնար զարկերակի ոչ դեղապատ ստենտի տեղադրման ծառայությունների մատչելիությունն ամբողջ բնակչության համար: 2018-ից առողջապահության նախարարի նախաձեռնությամբ, սրտի ստենտավորումը կատարվում է արդեն դեղապատ ստենտով: 2019թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում գրանցվել է ստենտավորման 1400 դեպք, որը 2018թ. համեմատությամբ աճել է 40%: Ծրագիրը շարունակաբար վերանայվում և բարելավվում է: Օգոստոսից ծրագրում ներառվել են նաև այն դեպքերը, երբ առկա է սրտամկանի ինֆարկտ առանց ST-էլևացիայի:

Փետրվարից մեկնարկել է գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների ծրագիրը, ծառայությունների կազմակերպման հիմքում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումն է: Այսինքն` պետական պատվերը գործում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 24 ժամվա ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը, ինչպես նաև, եթե պացիենտը չունի թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի հակացուցումներ: Փերտրվար-օգոստոս ամիսների ընթացքում ծրագրի շրջանակներում բուժօգնություն է ստացել 180 քաղաքացի:

Սրանք այն առանցքային քայլերն են, որոնք նպաստելու են ԱՇՀՀ մահացության և հաշմանդամության նվազեցմանը, և ամենակարևորը` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ:

Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարության պաշտոնական կայքից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ