fbpx
Հասարակություն

Ազատ Դեմոկրատներն առաջարկում են քայլեր՝ Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելու համար

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«ՀՀ իշխանությունները պարտավոր են հրաժարվել անընդհատ արդարացման, պաշտպանվողական և մեզ պարտադրվող՝ ՀՀ և Արցախի շահերից չբխող անպտուղ օրակարգերից ու միակողմանի խաղաղասիրական ճառերից՝ առաջնորդվելով բացառապես ՀՀ և ՀՀ քաղաքացու շահերից բխող նախաձեռնողական օրակարգով:

Սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններն ակնհայտ պատերազմ է և ռազմական ագրեսիա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ոտնձգություն ՀՀ սուվերեն սահմանների նկատմամբ: Ադրբեջանական զինված ուժերը նաև խոցել են քաղաքացիական օբյեկտներ, կան զոհեր և վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանակում, ինչն ակնհայտ ռազմական հանցագործություն է և խախտում է միջազգային մարդասիրական իրավունքները:

Մտահոգիչ փաստ է, որ այս օրհասական պահին ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունն ու ՀԱՊԿ-ը, ունենալով բոլոր ռազմական-քաղաքական լծակները և ազդեցությունը կանխելու ադրբեջանական ագրեսիան, չեն իրականացնում իրենց նույնիսկ պայմանագրային պարտավորությունները: Ավելին՝ Ռուսաստանը և դե ֆակտո վերջինիս կողմից ղեկավարվող ՀԱՊԿ-ը իրենց անգործությամբ և ոչ հասցեական ու անպտուղ հայտարարություններով ապացուցում են, որ ՀՀ նկատմամբ ադրբեջանական ագրեսիան իրականացվում է Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի ակնհայտ աջակցությամբ:

Նաև պետք է փաստել, որ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևիցե միջազգային երաշխիքներ չի տվել և չի տալիս ՀՀ և Արցախի անվտանգության ապահովման հարցում, ավելին՝ այս 2 տարիների ընթացքում ապացուցվել է այդ հայտարարության խոցելիությունը, իսկ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն ավելորդ անգամ ապացուցում է, որ անթույլատրելի է կառչել այդ փաստաթղթից և մեր անվտանգությունն ապավինել դրանում ուրվագծված խաղաղության օրակարգին:

Ուստի, վերոհիշյալ ցցուն հանգամանքները հաշվի չառնելը և հույսն իրեն սպառած անվտանգային համակարգերի վրա դնելը ոչ այլ ինչ է, եթե ոչ հանցավոր անգործություն, և գնահատելով պահի լրջությունը, Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելու համար պետք է ժամ առաջ իրականացնել հետևյալ անհապաղ քայլերը.

1. ՀՀ իշխանությունները պարտավոր են հրաժարվել անընդհատ արդարացման, պաշտպանվողական և մեզ պարտադրվող՝ ՀՀ և Արցախի շահերից չբխող անպտուղ օրակարգերից ու միակողմանի խաղաղասիրական ճառերից՝ առաջնորդվելով բացառապես ՀՀ և ՀՀ քաղաքացու շահերից բխող նախաձեռնողական օրակարգով:

2. Պետք է ՄԱԿ Անվտանգության խորհրդին դիմելուց բացի պահանջել հետևյալ քայլերի իրականացում՝

ա) պատժամիջոցներ կիրառել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն և ռազմական հանցագործություն կատարած Ադրբեջանի նկատմամբ,

բ) հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել ՄԱԿ խաղաղապահ ուժեր և սահմանի ողջ երկայնքով իրականացնել մշտադիտարկում, այլապես տարածաշրջանը կարող է վերածվել ռազմական թեժ գործողությունների թատերաբեմի, որը կբերի պայթունավտանգ և անդառնալի հետևանքների՝ հանգեցնելով մարդկային մեծաքանակ կորուստների:

3. Հայաստանի Հանրապետությունը պետք է անհապաղ դիմի բոլոր միջազգային կառույցներին, այդ թվում նաև Հաագայի Միջազգային քրեական դատարանին՝ ճանաչելով վերջինիս իրավազորությունը՝ Ադրբեջանի իշխանություններին պատասխանատվության ենթարկելու համար:

4. Հայաստանի և Արցախի պաշտպանությունը ժամ առաջ հավուր պատշաճի իրականացնելու համար Հայաստանը պետք է դիմի բարեկամ երկրներին, բացի քաղաքական-դիվանագիտական աջակցությունից, բոլոր հնարավոր ճանապարհով ստանալու ռազմական աջակցություն, ինչպես նաև ձեռք բերելու զենք զինամթերք՝ հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ նման պատրաստակամություն հայտնած երկրներ կան:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների ընտանիքներին, քաղաքացիական անձանց, վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում:
Այսօր, առավել քան երբևէ մենք ունենք միասնականության և բռունցքվելու կարիք: Աստված պահապան մեր հերոսական ժողովրդին և բանակին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ