fbpx
Արցախ

«Ազատ հայրենիքը» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վարչապետի այդ կարևոր կոչին. Արայիկ Հարությունյան

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը իր Facebook-ի էջում հայտարարություն է տարածել.

«ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆՔ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԱՆԽԱԽՏ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Կուսակի՛ց ընկերներ,

Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում օգոստոսի 5-ին՝ ժամը 19:00-ին, մեր ազգային միասնականությանն ուղղված համահայկական հանրահավաք անցկացնելու նախաձեռնությանը՝ այն համարում եմ աննախադեպ իրադարձություն: Կարծում եմ՝ այդ քայլն առաջին հերթին նորովի արժևորում է 1988-ի մեր Համազգային շարժման գաղափարը, երբ բոլորս միահամուռ «Միացում» էինք վանկարկում՝ մեր ապագան տեսնելով Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնական օրակարգում:

Իհարկե, մեր երազանքներն այսօր մասամբ իրականացված են, քանի որ Մայր հայրենիքի և Սփյուռքի գործուն աջակցության շնորհիվ մենք կարողացանք հաղթանակ կերտել պատերազմի դաշտում, և հետագայում արդեն, հաղթահարելով բազում դժվարություններ, ուղղել փլատակների տակ կորացած մեր մեջքը՝ մտնելով զարգացման մի նոր փուլ, որտեղ փայլուն ապագայի տեսլականը ավելի իրատեսական է: Բայց գաղտնիք չէ նաև, թե այս ընթացքում քանի անգամ են փորձել արհեստական եղանակներով ու կեղծ օրակարգերով խարխլել այդ միասնականության հիմքերը:

Հայաստանն այսօր պատմական նոր շրջափուլ է ապրում, և այս բախտորոշ ժամանակաշրջանում, առավել քան երբևէ, բոլորս պարտավոր ենք մեր բաժին աջակցությունը բերել այն վեհ ու նվիրական գաղափարների իրագործմանը, որը, որպես գերագույն նպատակ, որդեգրել են ՀՀ իշխանությունները: Արցախն այս առումով բացառություն լինել չի կարող: Չենք հանդուրժելու, որ հերոս նահատակների արյամբ սրբագործված այս հողը երբևէ վերածվի հակահեղափոխության օջախի: Մեր դիրքորոշումը հստակ է. այն պաշտպանում է Արցախում ապրող յուրաքանչյուր հայ: Ուստի Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, խորհրդանշական լինելուց բացի, կարևոր ազդակ է հանդիսանալու ապագայում մեր համազգային հիմնահարցերն ու արդի հրամայականներից բխող ծրագրերը նախանշելիս:

«Ազատ հայրենիք» կուսակցությունը ողջունում և իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետի այդ կարևոր կոչին:

Դիմում եմ համակուսակից ավելի քան վեց հազար հայրենակիցներիս, մեր համակիրներին, և, առհասարակ, բոլոր արցախցիներին՝ ակտիվորեն մասնակցելու հանրահավաքին՝ դրանով կրկին հաստատելով, որ Հայրենիք-Սփյուռք կապն անպարտելի է»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/358811244816255

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ