fbpx
Հասարակություն

Ազատ լրագրող Վահագն Ղուկասյանը 16 տարի անց վերադարձել է հայրենիք

Armtimes-ը գրում է․

16 տարի արտերկրում ապրելուց հետո, արդեն մի քանի օր է՝ հայրենիք է վերադարձել ազատ լրագրող Վահագն Ղուկասյանը: Ղուկասյանը այն քաղաքացիների թվին է պատկանում, որոնք տարիներ առաջ քաղաքական ճնշումներից ու հալածանքներից խուսափելու համար ստիպված արտագաղթեցին Հայաստանից: 2003 թվականին նա մեկնել է Ֆրանսիա, այնտեղ ապրելով շուրջ 16 տարի՝ այսօր այստեղ է: Վահագն Ղուկասյանի հետ զրույցը ստորև.

– Պարոն Ղուկասյան, մեր ընթերցողներից շատերը կարող են չիմանալ, թե ինչն է ձեզ ստիպել տարիներ առաջ լքել հայրենիքը:

– 2003 թվականի հունվարի 16-ին, երբ հերթական անգամ քննչականից կանչեցին ու հայտնեցին, որ ինձ ազատազրկում է սպառնում, հենց այդ գիշեր ես լքեցի երկիրը: Հանցագործ աշխարհին բազմաթիվ անգամներ մրոտած անձնավորության համար վտանգավոր էր բանտ ընկնելը, դրա համար որոշեցի փախնել: Մինչ այդ էին սկսվել իմ նկատմամբ հետապնդումները, ծեծն ու սպառնալիքները: Նույն թվի հունվարի 10-ին ինձ խուզարկցեին, հարցաքննեցին Տիգրան Նաղդալյանի սպանության կասկածներով: Բնակարանիցս տարան երեխաներիս գլխարկները, իբր Նաղդալյանին սպանողի գլխարկից են նկատել իմ վրա, առգրավեցին համակարգիչս, սիդի և ֆլոպի տեսակի 37 դիսկեր, 20 տեսաերիզ, էլեկտրոնային ծոցատետրս, մի խոսքով՝ ամեն ինչ ինչը կարող էր ինֆորմացիա պարունակել: Կարծում եմ՝ նրանց նպատակն էր՝ կորզել և տիրանալ այն բոլոր ինֆորմացիաներին, որոնց ես տիրապետում էի:

– Եթե չեմ սխալվում, այստեղ փոքրիկ բիզնես էլ ունեիք, ինչ եղավ դրա հետ:

– Արհեստանոցս. այն տեղավորել էի ավտոբուսի մեջ և այնտեղ էի աշխատում, կաշվի վերանորոգմամբ էի զբաղվում, ատրճանակի պատյաններ, գոտի և նամանտիպ բաներ էի սարքում: Ամեն օր մինչև օրվա երկրորդ կեսը այդտեղ էի աշխատում, դրանից հետո իմ հետաքրքրությունն ու զբաղմունքը քաղաքականությունն էր: 1998 թվականին, երբ իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը, ես նկատեցի, որ մեր երկիրն օր-օրի վերադառնում է սովետական կարգերին, մարդիկ սկսեցին զրկվել ազատ խոսքի իրավունքից, այդ ժամանակ ես իմ պարտքը համարեցի զբաղվել քաղաքականությամբ: Արհեստանոցս, ի տարբերություն մնացած մարդկանց արհեստանոցների, որտեղ պատերին մերկ աղջիկների նկարներ էին կախված՝ ամբողջը 1988-ի շարժման նկարներ էին: Այդ ժամանակ ինձ մոտ էին գալիս ուսանողներ, լրագրողներ, պատմաբաններ, երկար զրուցում էինք, նրանց շատ էր հետաքրքրում իմ այդ փոքրիկ անկյունն ու ծավալած գործունեությունս: Այդ ժամանակ զգացի, որ կարող եմ ավելի մեծ լսարան ունենալ ու մտահոգող հարցերի մասին բարձրաձայնել: Արհեստանոցս դարձրել էի փոքրիկ քաղաքական անկյուն: Սկսեցի ինֆորմացիաներս ու վերլուծություններս գրի առնել, սակայն հենց առաջին հոդվածիցս հետո Հրաչյա Հարությունյանը՝ Կրակեմ Հրաչը, ընկավ հետևիցս, որից հետո էլ սկսվեցին սպառնալիքները, ծեծն ու ահաբեկումները: Երբ գրեցի 20 էջից բաղկացած «Դիտորդի վարկածը» գրքույկս՝ Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին, ինձ տարան վարչություն ու մի լավ ծեծեցին: Դրանից հետո սկսվեց մնացած հոդվածներիս շարքը, որոնց մեծ մասը «Հայական ժամանակ»-ում են տպագրվել: ԱԱԾ-ին վերաբերող մի հոդված գրեցի, որ եթե իրենք իրենց տեղում լինեին՝ Հոկտեմբերի 27-ը կկանխվեր, հիշում եմ՝ նյութը տպագրվեց շաբաթ օր, երկուշաբթի աշխատանքային օրը արհեստանոցս պայթեցրեցին. դա իշխանության պատվերն էր: Հաջորդ օրը «Հայոց աշխարհ» պարբերականը «Հրկիզու՞մ, թե՝ ինքնահրկիզում» վերնագրով մի հոդված տպագրեց, որտեղ նախապես գրված էր այն, ինչ հաջորդ օրը հրշեջները պետք է իրենց ցուցմունքում ասեին, ամեն ինչ նախապես պլանավորված էր ու սարքած: Քրեական գործը կարճեցին, բայց կարճման որոշումն ինձ այդպես էլ չտվեցին: Ես անպայման բողոքարկելու եմ, որովհետև շատ մարդիկ մտածում էին, որ դա ես եմ կազմակերպել, որպեսզի հետապնդվողի կեղծ իմիջ ձեռք բերեմ: Շուրջ երեք տարի տևեցին իմ նկատմամբ հետապնդումները, որից հետո կարելի է ասել՝ փախա:

– Փաստորեն, 16 տարի անց, որոշեցիք վերադառնալ:

– Այո, և փառք հեղափոխականներին, իմ ճանապարհը բացվեց 2018 թվականի ապրիլից: Ես մի տարի է՝ խելագար էի դարձել, որ չէի կարողանում գալ: Վերջապես թողեցի այնտեղ տունս, այս տարիների ստեղծածս ու վերադարձա:

– Այն ժամանկ, երբ դրսում էիք ապրում, երբևէ մտածո՞ւմ էիք, վերադարձի մասին, կամ՝ որ Հայաստանում կարող է հեղափոխություն լինել:

– Ճիշտն ասած՝ չէ, և ես դրա պատճառներն ունեի: Համոզված էի, որ նախկին իշխանությունների վայրագությունները, նրանց ձեռքի արյունն ու այդ ամեն ինչը չի կարող վերանալ: Ես չէի հավատում, որ ինչ-որ մեկն առանց արյան կկարողանա իշխանություն վերցնել նրանց ձեռքից: Վախենում էի, որ կրկին մարտի 1 կսարքեն, ավելին էլ կսարքեն, որովհետև դա իրենց համար կործանման սկիզբ էր: Այն, ինչ այսօր արդեն սկսվել է, բարեբախտաբար մեր աչքերով ենք տեսնում: Բայց մի բան էր հետաքրքիր, որ ինձ հետ քաղաքական ապաստան ստացած բոլոր մարդիկ մի քանի տարուց փաստաթղթեր ներկայացրեցին, որպեսզի քաղաքացիություն ստանային Ֆրանսիայում: Ես մինչև այսօր դիմում չեմ ներկայացրել: Շատ մեծ դժվարություններ եմ այնտեղ հաղթահարել, եթե այդ դիմումը տայի, շատ բան ավելի հեշտ կլիներ: Ինձ միշտ ասում էին, որ ես չեմ ուզում ինտեգրվել, չէի կարողանում, ես ինձ ամեն օր Հայաստանում էի տեսնում: Ինձ համար հիմա 94 թիվն է, պատերազմից անմիջապես հետո, երբ մենք պետք է մտածենք մեր երկիրը զարգացնելու մասին: Փաշինյանը երկիրը անդունդից հանեց, դրեց եզրին, ինքն իր հերոսությունն արել վերջացրել է, թե հիմա ինչ նոր լավ բան կանի, դա արդեն ուրիշ փուլ է: Հիմա մենք կա՛մ կընկնենք պայմանական ասած՝ այն ժամանակվա ընդդիմադիր Վազգեն Մանուկյանների խելքին և կգնանք դեպի թվացյալ լավն ու կընկնենք անդունդ, կա՛մ կհավատանք մեր ապագային ու կգնանք առաջ, այդ բոլորը միայն մեզանից է կախված:

– Այստեղ ինչո՞վ եք զբաղվելու, արդեն հասցրե՞լ եք տեղավորվել:

– Եկել եմ՝ ոչ մեկից ոչինչ չակնկալելով: Եկել եմ, լավ իմանալով, որ շատ ավելի մեծ դժվարությունների կարող եմ հանդիպել: Մի բեռնատար մեքենա եմ գնել, հետս բերել, որի մեջ ահագին շատ իրեր կան, գործիքներ և այլն: Բժիշկ մեքենա է կոչվում, այնտեղ այդպես են ասում: Մեքենան հատուկ եմ վերցրել, որ ե՛ւ գույքս տեղափոխեմ, և՛ որոշ ժամանակ դրանով ինչ-որ աշխատանք անեմ: Մաքսատանը ֆրանսիական ճանապարհորդական անձնագիրս նայելուց հետո ասեցին՝ ինչքա՞ն ես Հայաստանից բողոքել, որ այդ անձնագիրը ստանաս, պատասխանեցի՝ Հայաստանից չեմ բողոքել, սրիկա իշխանություններից եմ բողոքել: Բայց մաքսատանը խնդիրներ են առաջացել, այնտեղ ասեցին, որ քանի որ ես ոչ մի գրանցում չունեմ, չեն կարող թույլ տալ, որ մեքենան ինձ հետ բերեմ: Ինձնից տեղեկանք ուզեցին, որ գամ այստեղ, գրանցվեմ մի տեղ ու տեղեկանք տանեմ, որ նոր թույլ տան մեքենան բերել: Զավեշտալին այն է, որ ես գիտեի, թե ինձ քաղաքացիությունից զրկել են, պարզվում է՝ ո՛չ: Գուցե ընտրություններին էլ եմ «մասնացել», տեղյակ չեմ:

– Հիմա մեքենան կարողացե՞լ եք բերել:

– Ցավոք սրտի, այստեղ էլ մի ուրիշ խնդիր է առաջացել: Մեքենայի բեռնախցիկը պլոմբվել է Նորագավիթում, հետո պետք է գույքագրեն և այլն: Մինչ այդ ինձ բացատրել էին, որ դրսում ապրած քաղաքացին, եթե հիմնական է վերադառնում, օրենքը թույլ է տալիս գույքահարկ չմուծել, մանավանդ եթե անձնական գույքն է: 15 տարի ապրել եմ, միայն մեքենայի կեսը ձեռքիս գործիքներն են, որոնցով աշխատում եմ, առանձնապես գումար էլ չունեմ տնտեսած, որովհետև վերադարձս նախապես պլանավորված չի եղել: Երբ Վրաստանի սահմանը անցա, մեքենայի բեռնախցիկը պլոմբեցին՝ օրենքի պահանջ է, հետո եկա Հայաստան, այստեղ նրանցը պոկեցին, նայեցին ու նորը կպցրին, բայց ի տարբերություն Վրաստանի՝ այստեղի կպցրածը գրեթե թուղթ է, որը քշելու ընթացքում պոկվել է: Հիմա, եթե հանկարծ այդ թուղթը պոկվի, մեծ տուգանքներ կա, բայց այդ թուղթը անգամ քամուց է պոկվում: Ես դեռ ձեռք չեմ տվել, չեմ բացել, բայց հետևից արդեն պոկվել է: Մեր բոլոր իրերն ու շորերը մեքենայի բեռնախցիկում են: Այնտեղ ասեցին, որ օրենքը թույլ է տալիս 50 կգ ապրանք տեղափոխել, 50 կգ թող առևտրականն իրավունք ունենա բերելու, բայց ոչ այն մարդը, որը երկար տարիներ հարկադրված ապրել է օտար երկրում, հիմա վերադարձել է և բերածն իր առաջին անհրաժեշտության իրեն ու որոշակի գույքն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ