fbpx
Խորհրդարան

Ազգային ժողովում հյուրընկալվել են մի շարք մարզերի դպրոցների աշակերտներ

Նոյեմբերի 14-ին «Բաց դաս»-ի շրջանակում ՀՀ Ազգային ժողով են այցելել Հայաստանի մի շարք մարզերի դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ:

Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 3 դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Նա կարևորել է որակյալ կրթություն ունենալը և նշել, որ կրթված մարդն ավելի հեշտ է հաղթահարում ցանկացած դժվարություն: «Դժվարությամբ ձեռք բերված հաղթանակների բերկրանքն ավելի մեծ է»,- ասել է պատգամավորը:

Հարցուպատասխանի ձևաչափով ընթացող հանդիպման ընթացքում Ռուստամ Բաքոյանը պատասխանել է աշակերտների հնչեցրած` կրթական համակարգին, դպրոցների հիմնանորոգմանը, Հայաստանում ընթացող բարեփոխումներին վերաբերող հարցերին: Անդրադառնալով մեր երկրում իրականացված Թավշյա հեղափոխությանն ու իրականացվող ժողովրդավարական գործընթացներին՝ պատգամավորը նշել է, որ Հայաստանը աշխարհի ամենաժողովրդավարական երկրների ցանկում է:

Աշակերտները հետաքրքրվել են օրենսդիր մարմնի գործառույթներով, ինչպես նաև պատգամավորի գործունեությամբ: Ռուստամ Բաքոյանը պատրաստակամություն է հայտնել այցելելու դպրոց և նախանշված հարցերի վերաբերյալ անցկացնել «Բաց դաս»:

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում օրենսդիր մարմին են այցելել նաև «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության Շիրակի մարզի ներկայացուցիչները և Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներն ու մանկավարժները։

«Բաց դաս»-երը վարել են ԱԺ պատգամավորներ Նազելի Բաղդասարյանը և ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը։

Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է 2020թ–ի պետական բյուջեի նախագծին, ներկայացրել նախագծի մշակման, քննարկման և ընդունման ընթացակարգերը։ Նրա համոզմամբ՝ ընթացիկ տարվա բյուջեն աննախադեպ է հարկերի հավաքագրման տեսանկյունից, ինչը հնարավորություն է տվել գալիք տարվա երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում ներառել բարձր եկամուտներ և ծախսեր։ Կարևոր է համարվել կենսաթոշակների և աշխատավարձերի նախատեսվող բարձրացումը։

Անդրադառնալով օրենդրական բարեփոխումներին՝ նա ընդգծել է Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին օրենքի առաջիկայում նախատեսվող փոփոխությունների և նոր Քրեական օրենսգրքի մշակման կարևորությունը։ «Օրենսդրական բարեփոխումները միտված են գործարարության գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը»,- ասել է Նազելի Բաղդասարյանը։ Նա դպրոցականներին խորհուրդ է տվել երբեք չփոխել սեփական արժեհամակարգը և լինել սկզբունքային։

Վարազդատ Կարապետյանն աշակերտներին ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, մշտական և ժամանակավոր քննիչ հանձնաժողովների գործառույթները, օրենսդրական նախաձեռնությունների մշակման, քննարկման և ընդունման ընթացակարգերը։ Նա անդրադարձ է կատարել բնապահպանական հարցերին, կարևորել խմելու ջրի և օդի մաքրության պահպանումը, ինչպես նաև տեղեկացրել է, որ Եվրամիության հետ իրականացվում է ծրագիր, որով փորձ է արվում նվազեցնել և կանխել շահագործվող հանքերի պատճառած բնապահպանական վնասները։ «Ձեր ապագան կապված է օդի և ջրի մաքրության պահպանման հետ»,- ասել է մշտական հանձնաժողովի նախագահը։

Խորհրդարան այցելած հյուրերը ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետևել են հերթական նիստի աշխատանքներին, ԱԺ թանգարանում ծանոթացել օրենսդիր իշխանության պատմությանը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ