Խորհրդարան
10:50 14/11/2019

«Բաց դասեր» Ազգային ժողովում

Նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի տարբեր դպրոցների աշակերտներ:

Նրանց հետ հանդիպել և «Բաց դաս» են անցկացրել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը և ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:

Պատգամավորները պատասխանել են աշակերտների հարցերին: Անդրադարձ է եղել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի այն դրույթին, որով առաջարկվում է հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում ուսուցանման համար համարել ոչ պարտադիր:

Թագուհի Թովմասյանը նշել է, որ առաջարկությունը սխալ է հասկացվել: Նա պարզաբանել է, որ բուհն ինքն է ընտրելու այդ առարկաների դասավանդման անհրաժեշտությունը:

Հյուրերը նաև շրջել են խորհրդարանի շենքում, հետևել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, թանգարանում ծանոթացել խորհրդարանի պատմությանը:

Նույն օրն օրենսդիր մարմին են այցելել նաև Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնական և Արմավիրի մարզի Փշատավան համայնքի միջնակարգ դպրոցների աշակերտներն ու մանկավարժները։

«Բաց դաս»-երը վարել են պատգամավորներ Արսեն Ջուլֆալակյանը և Հերիքնազ Տիգրանյանը։ Նրանք ներկայացրել են խորհրդարանի կառուցվածքը, խմբակցությունների կազմերը, մշտական հանձնաժողովների գործունեությունը, նախագծերի մշակման, քննարկման և ընդունման ընթացակարգերը, անդրադարձ են կատարել պատգամավոր- ընտրող հանդիպումներին։

Արսեն Ջուլֆալակյանը պատասխանել է դպրոցականների բազմաթիվ հարցերի, որոնք առնչվել են մարզաշխարհին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, զբոսաշրջությանը և այլ բնագավառներում առկա խնդիրներին։

Պատգամավորի հավաստմամբ՝ Հայաստանը տարածաշրջանի այն եզակի երկիրն է, որը համագործակցում է Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ, ինչը հնարավորություն է տալիս զարգացնել տնտեսությունը, ավելացնել ապրանքաշրջանառությունը, ներդնել եվրոպական առաջավոր փորձը դատաիրավական և այլ բնագավառներում։ Նա աշակերտներին հորդորել է չընկճվել, չվախենալ կյանքում առաջ եկող խոչընդոտներից և փորձել լինել լավագույնն ընտրած մարզաձևում և մասնագիտության մեջ։ «Միշտ ձգտեք հասնել լավագույնին»,- ասել է Արսեն Ջուլֆալակյանը։

Հերիքնազ Տիգրանյանը հայրենի համայնքի աշակերտներին և մանկավարժներին ներկայացրել է 2020թ–ի պետական բյուջեի նախագծի մշակման, քննարկման և ընդունման ընթացակարգերը։ Նա կարևորել է պետբյուջեի կատարման նկատմամբ խորհրդարանական վերահսկողության դերն ու նշանակությունը։ Պատգամավորը տեղակացրել է Ընտրական օրենսգրքի նախատեսվող փոփոխությունների մասին, ընդգծել համամասնական ընտրակարգի կարևորությունը։ Հերիքնազ Տիգրանյանը կողմ է բուհ-երում Հայոց լեզվի, գրականության և պատմության ոչ պարտադիր լինելուն, քանի որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքներն այս առարկաների գծով լիովին բավարար են։ Շեշտադրվել է մասնագիտական կրթությունը՝ ապագա գործունուեության ընթացքում։ Ըստ պատգամավորի՝ երկու օտար լեզվի իմացությունը պետք է պարտադիր լինի։ Հերիքնազ Տիգրանյանը խորհուրդ է տվել ընթերցել գեղարվեստական և մասնագիտական գրականություն, ինչպես նաև տպագիր մամուլ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգյին ժողովի պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

Վերեվ
COVID-19. թարմացումներ