fbpx
Կառավարություն

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին՝ ավիատոմսերի վաճառքով զբաղվող 4 ընկերությունից

Ավիատոմսերի վաճառքով զբաղվող 4 ընկերությունների ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ստորևներկայացնում ենք բացը նամակի տեքստը.

«Նախկին վարչակազմի կողմից տարիներ առաջ հիմվել է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն (ԷԿԵՆԳ), որը Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման նախագծերի համակարգողն է: Ըկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ կառավարության աշխատակազմին:

Այս ՓԲԸ-ն ՀՀ կառավարության կողմից նշանակվել է govtravel.am ինտերնետային կայքում ինտեգրված ամրագրումների գլոբալ դիստրիբյուտիվ համակարգի օպերատոր, ինչպես նաև` համակարգի միջոցով ավիատոմսերի, հյուրանոցների և հարակից ծառայությունների ամրագրումների դուրս գրման գործակալություն: Բացի այդ, govtravel.am ինտերնետային կայքը հանդիսանում է ավիատոմսերի գնման միակ թույլատրելի աղբյուրը, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ամրագրումը կատարելու օրը համակարգը տեխնիկական պատճառով չի գործում 6 ժամից ավել ժամանակահատվածի ընթացքում: Նման իրավիճակում թույլատրվում է ավիատոմսերի գնում կատարել անմիջապես ավիափոխադրողի ինտերնետային կայքից:

Տարիների ընթացքում պարզ դարձավ, որ վերը նշված համակարգը բացարձակապես դուրս է մրցակցությունցի և վերահսկողությունից: Որևէ երաշխիք չկա, որ այն տրամադրում է ամենահարմար երթուղին ամենամրցակցային սակագնով: Որքան մեզ հայտնի է, ԷԿԵՆԳ համակարգը նաև ենթադրում է 5 (հինգ) տոկոս հավելավճար ցանակացած դուրս գրված ավիատոմսի համար, որը ևս միանգամայն անհասկանալի է: Նաև նշենք, որ հաճախ այս համակարգով դուրս գրվող տոմսերն ավելի թանկ են, քան կարող են տրամադրել ճամփորդական գործակալությունները:

Բացի այդ, այս մեխանիզմը զուրկ է տնտեսական տրամաբանությունից: Շուկայական հարաբերությունները ենթադրում են «խաղի կանոնների» մշակում պետության կողմից, իսկ տնտեսական գործունեությունն իրականացնում են մասնավոր ընկերությունները: Նույն տրամաբանությամբ պետությունը կարող է պարտադրել օգտվել սննդամթերքի կամ հագուստի կոնկրետ խանութից: Մեր խորին համոզմամբ առավել արդյունավետ է աշխատում այն մոդելը, որը հնարավորություն է տալիս պետական (և ոչ միայն պետական) մարմիններին անցկացնել մրցույթներ և հաղթող գործակալության հետ կնքել համագործակցության պայմանագիր: Այս մոդելը գործում է ամբողջ դեմոկրատական աշխարհում և իրեն լիովին արդարացրել է:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` այս համակարգի շրջանակներում օգտագործվող տոմսերի մեծ մասը դուրս է գրվում ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում, որի հետևանքով Հայաստանում որևէ հարկ չի վճարվում:

Երկար տարիների մեր հաջող փորձառությունն այս շուկայում թույլ է տալիս ասել, որ ավիատոմսերի ձեռքբերման համար պետք է հայտարարվի մրցույթ մասնավոր հատվածի մասնակցությամբ: Ընդ որում, մրցույթին մասնակցելու պարտադիր պայմանները պետք է լինեն՝

  • Անդամակցությունը IATA-ին (International Air Transport Association);
  • Ֆինասական կայունությունը ապացուցող փաստաթղթի առկայությունը;
  • 5 տարվա աշխատանքային դրական փորձը;
  • 24/7 սպասարկում;
  • Աշխատանքային ուղիղ պայմանագրեր միջազգային ավիաընկերությունների հետ:

Մրցույթների անցկացման նոր համակարգը պետք է լինի մաքսիմալ բաց, որը կբացառի որևէ այլ մենաշնորհային սպասարկման գրասենյակի առաջացումը: Պետական վերահսկողությունը պետք է ուղղված լինի սրան: Իսկ առողջ շուկայական մրցակցությունը ինքնին պետք է բացառի որևէ ստվերային գործարք:

Այսօր, երբ մեր երկիրը ոտք է դրել տնտեսական հեղափախության ճանապարհին, բացարձակապես անընդունելի է պահել լիակատար մենաշնորհային մի մարմին, որն, ինչպես արդեն նշեցինք վերևում, դուրս է որևէ վերահսկողությունից և մրցակցությունից: Ուստի ցանկանում ենք Ձեր և պատկան մարմինների ուշադրությունը կրկին անգամ սևեռել այս կարևոր խնդրի վրա: Եթե լրացուցիչ տեղեկության կարիք կա, ապա սիրով կտրամադրենք և միաժամանակ կպատասխանենք բոլոր առնչվող հարցերին »:

 

ԼԵՎՈՆ ԹՐԱՎԸԼ- Կարպիս Թիթիզյան

ԱՐՄԵՆԻԱ ԹՐԱՎԵԼ + Մ – Մարինա Կպրյան

ՍՊՈՒՏՆԻԿ – Սուրեն Հակոբյան

ՎԻԶԱ ԿՈՆԿՈՐԴ- Արթուր Բաբայա

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ