fbpx
Իրավական

Բացահայտվել է 63-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել վերջինիս ազգականին

ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 63-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել վերջինիս ազգականին:

2019թ. մայիսի 1-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչները՝ հայր և որդի, նույն փողոցում վիճաբանել են իր, հոր և եղբոր հետ, որի ժամանակ ձեռքերով, ոտքերով, քարով և փայտով հարվածներ են հասցրել իրենց գլխին և մարմնի տարբեր մասերին:

Հաղորդման հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հաղորդում ներկայացրած քաղաքացու հորը՝ 1956թ. ծնված տղամարդուն, պատճառվել են փակ գանգուղեղային վնասվածքի, ձախից ճակատոսկրի կոտրվածքի և գլխուղեղի սալջարդի ձևով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ մայիսի 2-ին Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար նույն օրն ընդունվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարույթ:

Նախաքննության ընթացքում Երևանի բնակիչները՝ ծնված 1956, 1978 և 1982 թթ., ճանաչվել են տուժող և հարցաքննվել, կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, առգրավվել են դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների՝ նշված դեպքի տեսագրությունները:

Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1977թ.:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Երևանի Մանթաշյան փողոցում 42-ամյա տղամարդը՝ որդու հետ, նախկինում ունեցած տարաձայնությունների շուրջ վիճաբանել է հարևանությամբ բնակվող իր ազգականների հետ, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով, ինչպես նաև մահակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև շարունակելով իրհանցավոր գործողությունները՝ 42-ամյա տղամարդը, գետնից վերցնելով քարը, հարվածներ է հասցրել նախ որդիներից մեկի, ապա նաև՝ հոր գլխին՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 42-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ