fbpx
Իրավական

Բացահայտվել են ոստիկանների ապօրինություններ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ոստիկանությունում շարունակվում է ինքնամաքրման գործընթացը։ Այս համատեքստում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ստացված տեղեկության հիման վրա իրականացված ծառայողական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկաններից մեկը 2019 թվականի դեկտեմբերից 2020-ի հունվար ապօրինի ծառահատումների դեմ ուղղված միջացառումների վերաբերյալ նախապես տեղեկություններ է հայտնել ապօրինի ծառահատումներ իրականացնող, փայտածուխի ու փայտանյութի ապօրինի վաճառքով զբաղվող և թույլատրելի սահմանաչափից ավելի փայտանյութ տեղափոխող անձանց՝ ինչի հետևանքով ապօրինի ծառահատումների դեմ ուղղված ոստիկանության միջացառումները որոշ դեպքերում ցանկալի արդյունք չեն տվել։

Մասնավորապես, համայնքային ոստիկանը ապօրինի ծառահատմամբ զբաղվող աձնին հայտնել է ոստիկանների գտնվելու վայրը, փայտածուխի արտադրությամբ զբաղվող անձանց նախապես զգուշացրել է ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների հնարավոր հանկարծակի ստուգայցի մասին և հորդորել վերացնել փայտածուխը պատրաստելու համար նրանց կողմից թույլ տրված խախտումների հետքերը, փայտանյութի մշակման արտադրամասի սեփականատիրոջը նախազգուշացրել է ոստիկանների՝ համայնք այցելելու մասին և հորդորել մինչև նրանց ժամանելը դադարեցնել արտադրամասի աշխատանքները։

Ոստիկանն իր ծառայության ընթացքում թույլ է տվել, որ քաղաքացիներն առանց ստուգման անշարժ պահակետով փայտանյութ տեղափոխեն։ Դրա համար նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել նույն բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ավագ ոստիկանի հետ։

Նա տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել դեպքերի վերաբերյալ մանրամասներ։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն։

Միաժամանակ փոխգործակցելով ազգային անվտանգության ծառայության հետ բացահայտվել է ոստիկանության մեկ այլ ծառայողի ապօրինություններ։ Ըստ քննությանը հայտնի նախնական տվյալների՝ ոստիկանության ՊՊԳ վարչության Իջևանի պահպանության բաժնի վաշտի ոստիկանը զբաղվել է փայտանյութի ապօրինի վաճառքով։

Ծառայողական քննության արդյունքում պարզվել և հիմնավորվել է ոստիկանի կողմից Գանձաքար գյուղի հարակից տարածքից ապօրինի եղանակով ընկուզենի տեսակի փայտանյութ ձեռք բերելու և վաճառելու հանգամանքը։

Պարզվել է նաև, որ ոստիկանը և երկու քաղաքացիներ, բեռնատարով, «Խաչարձան» անտառպետության տարածքից դուրս են բերել փայտանյութ, տեղափոխել և վաճառել։

Այս դեպքով ծառայողական քննությունը շարունակվում է։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ