Նախատեսվում է 100-ական տեղերով ավելացնել բակալավրի անվճար տեղերի թիվը-Azat TV
Կրթություն
16:21 27/12/2021

Նախատեսվում է 100-ական տեղերով ավելացնել բակալավրի անվճար տեղերի թիվը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2022/2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

Արմենպրեսի հաղորդմամբ՝ ԿԳՄՍՆ փոխնախարար Կարեն Թռչունյանը ասաց, որ նախատեսվում է 100-ական տեղերով ավելացնել 2022/2023 և 2023/2024 ուսումնական տարիների բակալավրի կրթական ծրագրով հատկացվող անվճար տեղերի թիվը: Ավելացած տեղերը կհատկացվեն բնագիտատեխնիկական ոլորտի մասնագիտություններին:

«Կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը, նկատի ունենալով նաև ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը: Ինչպես նաև դիմորդը, կարևորելով մասնագիտության ընտրությունը և ուսումնասիրելով իր հնարավորությունները, լինելով ավելի մոտիվացված և նպատակասլաց, բուհ կընդունվի տվյալ մասնագիտությամբ ընդունելության առնվազն 2 քննություններ հանձնելով և անհրաժեշտ բազային գիտելիքներով, որը կնպաստի բուհերում կրթության որակի բարձրացմանը»,- ասաց փոխնախարարը:

ՀՀ կառավարության որոշման համաձայն կազմակերպվել և իրականացվել է ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթը, որի արդյունքում, ըստ ոլորտների որոշվել են 2021 թվականի մրցանակակիրները: Մրցանակային ֆոնդը կազմում է 12 միլիոն դրամ, որը կբաշխվի 34 մրցանակակիրների միջև:

Փոխնախարարի խոսքով՝ ՀՀ հետբուհական կրթության ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ հաստատվել է «ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի ՝ասպիրանտուրա, բարեփոխումների հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» հրամանը, որի նպատակն է կանոնակարգել հետբուհական կրթության համադրելիությունը Բոլոնիայի պահանջներին և Զալցբուրգյան սկզբունքներին, ինչպես նաև ապահովել ասպիրանտական կրթական ծրագրերի համապատասխանեցումը համաեվրոպական չափանիշներին։ Հայեցակարգի ընդունումը հնարավորություն կընձեռի վերանայել ընդունելության պահանջները, գիտական ղեկավարի ընտրության չափանիշները, ասպիրանտի տարեկան ատեստավորման, ատենախոսությունների պաշտպանության վերանայման, մասնագիտական խորհուրդների ձևավորման նոր մոտեցումները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ