fbpx
Աշխարհ

Բաքուն հրապարակել է Ղարաբաղի հայերի վերաինտեգրման ծրագիրը

Լեռնային Ղարաբաղի գրեթե լիակատար հայաթափումից մոտ 24 ժամ անց Ադրբեջանի նախագահի աշխատակազմը պաշտոնապես հրապարակեց տարածաշրջանի հայերի «վերաինտեգրման» ծրագիրը։Հինգ մասերից կազմված այս փաստաթղթի հեղինակները դրա առաջին իսկ պարբերության մեջ ընդգծում են, որ հայերի «վերաինտեգրումը» տեղի է ունենալու «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների» հիման վրա։

Բաքվի կողմից հրապարակված պլանի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հայությունն ամբողջությամբ պետք է զինաթափվի, իսկ տեղերում հասարակական կարգի պահպանությունն իրականացնելու են ադրբեջանական ոստիկանության աշխատակիցները։ «Տեղի բնակչությունը կարող է ներգրավվել ներքին գործերի մարմինների աշխատանքին», – նշված է որոշման տեքստում։

Լեռնային Ղարաբաղի կառավարումն, ըստ փաստաթղթի հեղինակների, իրականացվելու է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչների միջոցով, բացի այդ՝ Ղարաբաղում «ընտրությունների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններ են ձևավորվելու»։ Տնտեսական ոլորտում Ղարաբաղն ընդգրկվում է մանաթի գոտում, գյուղացիները կարող են ազատվել բոլոր հարկերից՝ բացառությամբ հողի հարկի։

Ինչ վերաբերում է լեզվական քաղաքականությանը, ապա դատելով հրապարակված փաստաթղթից՝ հայերենը Լեռնային Ղարաբաղում որևէ հատուկ կարգավիճակ չի ունենալու։ «Պայմաններ են ստեղծվելու հայոց լեզվի օգտագործման համար», – Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հրապարակած փաստաթղթում ընդամենը այսքանն է գրված։

Պաշտոնական Բաքվի կողմից հրապարակված այս նախագիծը, սակայն, չի պատասխանում գլխավոր հարցին՝ ո՞ւմ համար է այն նախատեսված, եթե Լեռնային Ղարաբաղի տարածքում հայեր գրեթե չեն մնացել։ Երեկ երեկոյան «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության եթերում այս փաստը հաստատեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Մարկո Սուչին։

«Դժվար է գնահատել, թե որքան մարդ է մնացել քաղաքում։ Սակայն երբ շրջում ես փողոցներով՝ ամեն ինչ ինքնաբերաբար պարզ է դառնում։ Գուցե մի քանի հարյուր մարդ է մնացել», – «Ալ-Ջազիրա»-ի եթերում հայտարարում էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը։

Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից 2017 թվականին հրապարակված պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ստեփանակերտի բնակչությունը գերազանցում էր 56 հազարը։

Մարկո Սուչին թեև խուսափում էր էթնիկ զտում բառակապակցությունը օգտագործել, սակայն չէր թաքցնում, թե հատկապես որ իրադարձություններից հետո են հայերը զանգվածաբար լքել Լեռնային Ղարաբաղը։

«Վերջին շաբաթներին տեղի ունեցած ռազմական էսկալացիայից ի վեր տասնյակ հազարավոր մարդիկ են հեռացել Հայաստան։ Հրապարակը, որ դուք տեսնում եք իմ թիկունքում, տեղի ունեցողի վառ արտացոլումն է։ Բնակչության մեծ մասը լքել է քաղաքը, հիվանդանոցները դատարկ են, ջրմուղի աշխատակիցները ևս հեռացել են, հեռացել է նաև դիահերձարանի տնօրենը։ Մեր գլխավոր մտահոգությունն, իհարկե, վերաբերում է բնակչության ամենախոցելի խմբերին՝ տարեցներին, հաշմանդամներին, այն մարդկանց, որոնք հարազատներ չունեն։ Մեր մի քանի թիմերն աշխատում են՝ շրջելով տնետուն և փորձելով գտնել մարդկանց, որոնք աջակցության կարիք ունեն», – «Ալ-Ջազիրա»-ի՝ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակից կազմակերպված ուղիղ եթերում նշում էր Կարմի Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը։

«Ալ-Ջազիրա»-ն դարձավ առաջին միջազգային լրատվամիջոցը, որին ադրբեջանական կողմը Ստեփանակերտ մուտք գործելու բացառիկ իրավունքով օժտեց։ Նման ընտրությունը պատահական չէր։ Պարսից ծոցում Թուրքիայի գլխավոր դաշնակիցը համարվող Կատարի կառավարությանը պատկանող այս հեռուստաընկերությունն իր ռեպորտաժներում հիմնականում կրկնում է ադրբեջանական կողմի կռվանները ։Կիրակի երեկոյան հեռարձակված ռեպորտաժը ևս բացառություն չէր, դրա ընդհանուր տոնայնությունը համահունչ էր Բաքվից հնչող հայտարարություններին։ Բայց նույնիսկ նման պարագայում «Ալ-Ջազիրա»-ի լրագրողը չէր կարողանում թաքցնել այն իրավիճակը, որ տիրում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում՝ այն անվանելով «ուրվական քաղաք, որտեղ մարդկային շունչ չի մնացել»։

«Այն, ինչ տեսնում եք այժմ, այն, ինչ մեզ շրջապատում է՝ այս ամենից զգացողություն է առաջանում, որ մարդիկ ոչ միայն իրենց քաղաքն են լքել, այլև՝ հույսը», – Ստեփանակերտի ամայացած կենտրոնական հրապարակից՝ լքված մանկասայլակների, մի քանի օր շարունակ այստեղ հավաքված մարդկանց համար որպես նստարան ծառայած պլաստիկե և գրասենյակային աթոռների ֆոնին պատմում էր «Ալ-Ջազիրա»-ի թղթակիցը։

«Թվում է, թե մարդիկ ապագայում այստեղ վերադառնալու հնարավորություն] այլևս չեն տեսնում», – պնդում էր լրագրողը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ