fbpx
Քաղաքականություն

ՄԱԿ-ի նիստում ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը բարձրացրել է գերիների հարցը

Ապրիլի 27-ին ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ «Ասիայում և Խաղաղ օվկիանոսում տարածաշրջանային համագործակցության միջոցով ավելի լավ վերականգնել ճգնաժամերից» խորագրով նիստը, որին ելույթով հանդես եկավ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանը, հայտնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

Անդրադառնալով COVID-19 համավարակի և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների պատճառով առաջացած համաշխարհային առողջապահական աննախադեպ ճգնաժամին՝ Արման Խաչատրյանն ընգծեց, որ ճգնաժամի հետևանքների հասցեագրումը հնարավոր է տարածաշրջանային և միջազգային համագործակցության խորացման միջոցով և այդ առումով ՄԱԿ-ի համակարգը շարունակում է կարևոր դեր խաղալ COVID-19-ին գլոբալ արձագանքի ապահովման գործում: Այս համատեքստում ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետը, մասնավորապես, նշեց․ «Բազմակողմ կառույցների պատշաճ գործունեությունը պահանջում է անդամ երկրների երկարաժամկետ նվիրվածությունն ընդհանուր արժեքներին և նպատակներին, քանի որ միջազգային համերաշխությունը հավաքական գործողությունների նախապայմանն է»։

Նա հավելեց, որ COVID-19 համավարակի հենց սկզբից՝ Հայաստանը վճռականորեն աջակցում է համապատասխան բազմակողմ կառույցներին, որոնք պետք է նպաստեն համագործակցության խորացմանը և իրականություն դարձնեն ոչ մեկին չանտեսելու հանձնառությունը՝ ընդգծելով, որ պատվաստումների հասանելիությունը չպետք է մերժվի կամ սահմանափակվի նաև այն մարդկանց համար, որոնք ապրում են հակամարտության գոտիներում, ինչպիսին է Արցախի բնակչությունը:

Նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրվեց նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ, Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ, նախապես ծրագրված լայնածավալ, ռազմական ագրեսիային և դրա հետևանքներին։ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետն ընդգծեց․ «Այսօր՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարից մոտ վեց ամիս անց, Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել պատերազմի հումանիտար հետևանքները վերացնելու ուղղությամբ միջազգային ջանքերը: Ադրբեջանը արգելափակում է հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղ և շարունակում է բանտարկության մեջ պահել բազմաթիվ ռազմագերիների՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքը: Միևնույն ժամանակ, Բաքվի «ռազմական ավարի պուրակի» բացմամբ Ադրբեջանում տոնում են բռնությունը, ռասիզմը և էթնիկ հայերի ապամարդկայնացումը, ինչը նմանեցվում է նացիստական ժամանակաշրջանի քարոզչական պատկերների հետ»։

Անդրադառնալով Ադրբեջանի փորձերին՝ արդարացնելու ուժի կիրառումը և պնդումներին, թե իբր հակամարտությունը լուծել է ուժի միջոցով և ստեղծել նոր իրականություն՝ Արման Խաչատրյանը շեշտադրեց․ «Ուժի կիրառմամբ ստեղծված իրականությունը չի կարող օրինական լինել: Ավելին՝ Ադրբեջանի նախագահն իր վերջին հայտարարություններում անդրադառնում է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը՝ տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանին և սպառնալով ուժ կիրառել: Այս հռետորաբանությունը բացարձակապես անընդունելի է և լրջորեն խարխլում է տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: Այս պահանջները անհիմն են և՛ պատմության, և՛ միջազգային իրավունքի տեսանկյունից, ինչպես նաև հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ