fbpx
Էկո

Բարեգործական ծառատունկ Կողբում` ի աջակցություն Թումո կենտրոնի կառուցմանը

Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքում տեղի ունեցավ «Կողբ» հիմնադրամի 7-ամյակին նվիրված  արեգործական ծառատունկը, որից ստացված հասույթն ուղղվելու է համայնքում Թումո ստեղծարար կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելուն։

Դեռ անցյալ տարի Հիմնադրամը ստեղծել էր հատուկ հարթակ, որտեղ Թումոյի կառուցմանը նվիրատվություն կատարել ցանկացողները ամրագրել էին իրենց անվանական ծառերը՝ նախընտրած տեսակի, քանակի և արժողության։ Արդյունքում՝ «Զիկատար» պետական արգելավայրի ավելի քան 5 հա տարածքում տնկվեց շուրջ 7,000 ծառ: Միջոցառման ընթացքում արգելավայրում հիմնվեց նաև «Հավերժության պուրակ»՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների։

Ծառատունկի մասնակիցները և հյուրերն այցելեցին Կողբի պատմաերկրագիտական թանգարան, գեղարվեստի դպրոց, ինչպես նաև շրջայց կատարեցին Թումո կենտրոնի շինհրապարակում։
«Կենտրոնի շինարարական աշխատանքներն իրականացվում են «Սիմոնյան» կրթական հիմնադրամի հետ համատեղ։ Այս պահի դրությամբ արդեն ավարտվել ենք կենտրոնի բետոնային աշխատանքները և պետք է անցնենք ներքին հարդարման աշխատանքներին։ Նշեմ, որ կենտրոնը նախատեսված է ավելի քան 1,000 երեխաների ու պատանիների համար
շրջակա մոտ 2 տասնյակ բնակավայրերից։ Կենտրոնից հնարավորություն կունենան օգտվել նաև հարևանությամբ գտնվող զորամասի զինծառայողները»,- շրջայցի ընթացքում ծրագրի մանրամասները ներկայացրեց «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը։

Թումո Կողբ կենտրոնի դիզայնը ներառում է դասընթացների սենյակներ, ինքնուսուցման հարթակ, ձայնագրման ստուդիա, կինոդահլիճ, ինչպես նաև բացօթյա տարածք մարզական և ժամանցային գործունեության համար․ «Կենտրոնը, ոչ միայն տեխնոլոգիական կրթություն է տալու երեխաներին, այլ նաև իրական մշակութային փոփոխություն է բերելու
տարածաշրջանում»,- նշեց Արման Բարսեղյանը։ Միջոցառումն ամփոփվեց Կողբի մարզդաշտում՝ «Լավ էլի» և «Թմբաթա» ռոք խմբերի համերգով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ