Baring Vostok ներդրումային հիմնադրամի ղեկավար Մայքլ Կալվիին մեղադրանք է առաջադրված «Արևելյան» բանկից առանձնապես խոշոր չափի` 2.5 մլրդ ռուբլու հափշտակության համար, հաղորդում է ТАСС գործակալությունը:
Նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ «Կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափի հափշտակություն»:
Այս գործով անցնող ևս 5 մարդու մեղադրանք կառաջադրվի այսօր, հաղորդում է գործակալությունը:
Հիշեցնենք` Baring Vostok հիմնադրամի ղեկավարին և նրա 5 գործընկերներին ձերբակալել էին փետրվարի 15-ին: Ըստ նախաքննության՝ նրանք «Արևելյան» բանկից հափշտակել են 2.5 մլրդ ռուբլի:
Կալվին ծնվել է 1967թ. ամերիկյան Վիսկոնսին նահանգում: Մինչև 1994թ. ապրել է Լոնդոնում ու Նյու Յորքում:
1994-ին հիմնել է Baring Vostok Capital Partners ընկերությունը, որը մասնագիտացած է Ռուսաստանում և ԱՊՀ-ում ներդրումների վրա:
Ընկերության կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ իր գործունեության 25 տարիների ընթացքում այն ներդրել է 2.8 մլրդ դոլար Ռուսաստանում, Ղազախստանում և Ուկրաինայում իրականացված շուրջ 80 նախագծերում: