fbpx
Հասարակություն

Բարսեղ Պողոսյանը սեպտեմբերի 26-ին խոսել է ընտանիքի հետ, Մոնթեի նկարը ուզել․ այդ օրվանից նրանից լուր չկա

Բարսեղ Արմենի Պողոսյանը ծնվել է 2001 թվականի մարտի 19-ին Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում։ 2019 թվականի հուլիսի 28-ից ծառայության է անցել Ջաբրայիլում։

Բարսեղի քույրը՝ Քնար Պողոսյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ եղբոր հետ վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 26-ին:

«Երեկոյան բոլորիս հետ խոսել է, մենք խոսելուց բարձրախոսն էինք միացնում ու բոլորով լսում ձայնը, վերջին անգամ Մոնթեի նկարներից ուզեց»,- պատմում է Քնարը։

Քույրը նշում է դիրքերից եղբայրը պիտի իջներ, որ ուղարկեին Մոնթեի նկարներն ու Նժդեհի գրքերից։ Մեր հարցին, թե Բարսեղը ինչ-որ բան պատմել է ծառայությունից, Քնարը պատասխանում է․ «Ինքը ընդհանրապես չի խոսել իր ծառայության մասին, նույնիսկ չգիտեինք՝ ինչ էր անում»։

Բարսեղի հայրը՝ Արմենը, որդուն գտնելու համար դիմել է Կարմի խաչ, Պաշտպանության նախարարություն, հանձնել ԴՆԹ անալիզ, սակայն ոչ մի լուր չի իմացել։

«Դիմել ենք բոլոր հնարավոր ու անհնար տեղերը, մորգեր էլ ենք գնացել, հիվանդանոցներ էլ, բայց տեղեկություն չունենք դեռ, իսկ իր հրամանատարը զոհվել է»,- հավելում է Բարսեղի քույրը։

Զորամասը, որտեղ ծառայել է Բարսեղը հիմա գոյություն չունի, թշնամու առաջին ուժեղ հարվածը եղել է հենց Ջաբրայիլի վրա։

«Զորքին ցրել են մոտիկ չաստեր, կեսին բերել են Հայաստան։ Եղբայրս դիրքերում է եղել, առաջինը իրանց վրա են հարձակվել, իրենց դիրքից 2 վիրավոր կա, իսկ մնացածը չկան, եղբորս մոտ ընկերներն էլ զոհվել են»,- հավելում է Քնարը։

Բարսեղի մասին այս պահին հարազատները այսքանը գիտեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ