Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում է ունենալու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, որի աշխատասենյակն օրեր առաջ խուզարկվել էր, համակարգիչը՝ առգրավվել: Հանդիպման մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:
«Քննարկել ենք, թե ինչ ընթացակարգեր են տեղի ունեցել, արդյո՞ք խախտումներ կան դատավորի գործունեության հետ կապված, անկախության հետ կապված, թե՞ ոչ: Մեզ միայն ծանուցել են, որ պետք է իր մոտ քննչական գործողություններ կատարենք: Հանդիպելու ենք, խոսենք, հասկանանք, այս գործողությունները որքանո՞վ են ազդել նրա անաչառության վրա»,-ասաց Բեքմեզյանը:
Նա հավելեց, որ հանդիպումն իրենց նախաձեռնությամբ է, իսկ թե արդյո՞ք խուզարկությունը կապ ունի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, հարցին պատասխանեց.
«Մենք ոչ մի գործի հետ կապված կապ չենք տեսնում:
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը քննել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը։ Նրա որոշմամբ՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխվեց։