fbpx
Իրավական
10:15 28/10/2019

ԲԴԽ-ն հայտարարություն է տարածել ատրճանակով սպառնացող դատավորի վերաբերյալ

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել Կոտայքի մարզում դատավորի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերբարյալ.

«ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկության մասին Բարձրագույն դատական խորհուրդը իրազեկված է, այժմ կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ։

Վստահ ենք, որ դեպքի մասնակիցները կդրսևորեն պետական ծառայողին հարիր զուսպ վարքագիծ՝ զերծ մնալով դեպքի առնչությամբ ցանկացած հայտարարությունից: ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում այս փուլում ձեռնպահ մնալ կատարվածի վերաբերյալ հրապարակումներ և մեկնաբանություններ անելուց, մինչև կճշտվեն միջադեպի բոլոր հանգամանքները»:

Նշենք, որ ԶԼՄ-ները հայտնել էին, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 16։10-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 14։38-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 խումբը դեպքի վայր գնալիս լուսային փարոսիկները միացրած՝ «Առինջ մոլ»-ի մոտ ճանապարհ է խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա։

Ահազանգը փոխանցվել է ոստիկանության Կոտայքի բաժին, ովքեր պարզել են, որ «Առինջ մոլ» մտնող՝ Բալահովիտ գյուղ հրդեհի ահազանգով մեկնած հրշեջ խմբին ազդանշան տալու համար կանգնեցրել է Mazda մակնիշի ավտոմեքենան, և վարորդն ատրճանակով սպառնացել է, որ «սաղին կսպանի»։

Կոտայքի բաժնի ոստիկանները պարզել են, որ նշված ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակչուհի Ն. Ք-ին, և մինչ ոստիկանները կհայտնաբերեին ավտոմեքենան, ժամեր անց ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա Արթուր Ավագյանը և հայտնել, որ Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է ինքը և այդ միջադեպի ժամանակ իր մոտ եղել է «Բրունի 84» տիպի ատրճանակ, սակայն ինքը որևէ մեկի վրա այն չի ուղղել և ոչ մեկի չի սպառնացել։

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկության մասին…

Gepostet von Բարձրագույն դատական խորհուրդ The Supreme Judicial Council of RA am Sonntag, 27. Oktober 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ