fbpx
Աշխարհ

Բելառուսի ընտրություններն անցել են օբյեկտիվության հանդեպ կասկածներով․ ԵԱՀԿ

Միջազգային դիտորդները հայտարարել են, որ Բելառուսի խորհրդարանական ընտրություններն անցել են հանգիստ, սակայն ուղեկցվել են ընտրական գործընթացի օբյեկտիվության հանդեպ կասկածներով։ Այս մասին հաղորդում է DW-ը։

«Հիմնական ազատությունները չէին պահպանվում, իսկ ընտրական գործընթացի օբյեկտիվությունը պատշաճ կերպով երաշխավորված չէր Բելառուսում խորհրդարանական արտահերթ ընտրություններում, չնայած գրանցված թեկնածուների թվի աճին»,-այսպիսի եզրահանգման են եկել միջազգային դիտորդները Բելառուսում նոյեմբերի 17-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իրենց նախնական զեկույցում։

ԵԱՀԿ հատուկ համակարգող Մարգարետ Սեդերֆելդը երկուշաբթի հայտարարել է, որ ընտրություններն անցել են հանգիստ պայմաններում, սակայն չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների միջազգային կարևոր չափանիշներին։ Նրա խոսքով՝ դիտորդները նշել են ինքնարտահայտման, հավաքների և ասոցիացիաների հիմնարար ազատությունների ընդհանուր անտեսման մասին։ Ընդ որում, մեծ թվով թեկնածուներ են ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել, սակայն նրանց մասնակցությունը սահմանափակվել է։

Այս ընտրությունները, ԵԱՀԿ ներկայացուցչի կարծիքով, ցույց են տվել ժողովրդավարական պարտավորությունների պահպանման լիակատար բացակայություն։ «Պետության մեջ, որտեղ խորհրդարանի իրավասություններն ու անկախությունը սահմանափակ են, իսկ ինչպես ընտրողների, այնպես էլ թեկնածուների հիմնարար ազատությունները ճնշվում են, վտանգ կա, որ խորհրդարանական ընտրությունները կարող են ձևականության վերածվել»,- ընդգծել է Սեդերֆելդը։

ԵԱՀԿ ներկայացուցիչները հերթական անգամ եկել են այն եզրակացության, որ Բելառուսի իրավական բազան ժողովրդավարական ընտրություններ չի երաշխավորում։

Դիտորդների կարծիքով, անցյալ ընտրություններից հետո դրսևորվել են ընտրական օրենսգիրքը փոխելու որոշակի ջանքեր, սակայն որևէ կոնկրետ քայլ բելառուսական իշխանությունը չի արել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ