fbpx
Աշխարհ

Բելգիայի փոխվարչապետը կոռուպցիոն սկանդալի մեջ է

Բելգիայի դատախազությունը հետաքննություն է իրականացնում ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակցի դիմումի հիման վրա։ Ինքնությունը չբացահայտած անձը երկրի ազդեցիկ քաղաքական գործիչ Դիդյե Ռեյնդերսին մեղադրել է կոռուպցիայի համար։ Այս մասին գրում է L’Echo-ն:

Դիդյե Ռեյնդերսը զբաղեցնում է երկրի փոխվարչապետի, արտաքին գործերի նախարարի պաշտոնը, ինչպես նաև հանդիսանում է պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար և Եվրահանձնաժողովում արդարադատության հարցերով հանձնակատարի թեկնածու:

Ըստ տեղեկատվության՝ դեռևս ապրիլ ամսին Բելգիայի Ազգային անվտանգության ծառայության ոմն նախկին աշխատակից դիմել է դաշնային ոստիկանություն՝ փոխվարչապետի դեմ կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով:

Աղբյուրը նաև տեղեկացրել է Կինշասայում բելգիական դեսպանատան կառուցման համար անհրաժեշտ պետական գնումների գործընթացում թույլ տրված խախտումների, կաշառքի և փողերի լվացման դեպքերի մասին: Հաղորդման մեջ նաև հիշատակվում է անշարժ գույքի ձեռքբերման կասկածելի գործարքների և գոյություն չունեցող ընկերությունների անվան գործածման դեպքերի մասին:

Նախնական քննության ավարտից հետո դատախազությունը պետք է որոշում կայացնի՝ Ռեյնդերսի դեմ մեղադրանքներն արդյոք բավարար են գործը գլխավոր դատախազություն հանձնելու համար՝ հաշվի առնելով նրա զբաղեցրած պաշտոնը:

Ինքը՝ նախարարը, զարմանք է արտահայտել տվյալ տեղեկատվության հետ կապված՝ հայտարարելով, որ որևէ հետաքննության մասին տեղեկատվություն չունի: Նախարարի ներկայացուցիչները նշել են, որ նախարարի դեմ գրոհը ուղղորդված բնույթ ունի և վերջինիս հեղինակությունը վնասելու նպատակ է հետապնդում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ