fbpx
Տնտեսություն

Որո՞նք են բենզինի գնի բարձրացման պատճառները

Կորոնավիրուսի համավարակի, լոքդաունի ընթացքում աշխարհում առաջացել էր բենզինի չսպառված էական ծավալ, ենթակառուցվածքների բացումից հետո արտադրող ընկերությունները միանգամից բարձրացրել են գները: Արմենպրեսի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով բենզինի գնի բարձրացմանը:

«Ես արդեն մեկ տարի առաջ ասել էի, որ բենզինի գները բարձրանալու են: Ես գուշակությամբ չեմ զբաղվում, գոյություն ունի բորսաների վերլուծություն: Կորոնավիրուսի ժամանակ կար բենզինի էական չսպառման ծավալ, դրա համար գները կտրուկ անկում էին ապրել, այնուհետև ենթակառուցվածքների բացման արդյունքում առաջացավ մեծ պահանջարկ: Եվ բենզին արտադրող այն ընկերությունները, որոնք կրել էին տևական կորուստներ, գները միանգամից բարձրացրին»,-ասաց Գևորգյանը:

ԵԱՏՄ-ում կարծում են, որ նավթի և բենզինի գների պահպանում տեղի կունենա, իսկ եվրոպական գործընկերներն ակնկալում են նվազեցում: Ըստ ՄՊՀ նախագահի՝ ՀՀ-ն այդ գործընթացների վրա որևէ ձևաչափով չի կարող ազդել: «Մենք կարող ենք նայել, որ ձեռքբերման, տեղափոխման գները և մարժան ՀՀ-ում լինեն հիմնավորված, այսինքն տեղի չունենա դրա չարաշահում»,-ասաց նա:

Իրանում, օրինակ, բենզինը էժան է՝ պայմանավորված նրանով, որ ինքն է արտադրում և ունի քվոտավորված բենզին՝ բացարձակապես սեփական քաղաքացիների համար:

ՌԴ-ից ՀՀ բենզին ներմուծման ընթացքում կատարվում են տրանսպորտային ծախսեր: Գևորգյանը նշեց՝ այսպիսով զուտ տրամաբանորեն Հայաստանում չի կարող լինել այն գինը, ինչ ՌԴ-ում է:

«Հիմա մենք նավթի և նավթամթերքի միասնական շուկա ենք փորձում ԵԱՏՄ-ում ստեղծել, որտեղ էլի հետևյալ սկզբունք է գործում՝ նավթամթերքի կետում ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունները հավասար գնի ու հավասար պայմանի հնարավորություն են ունենալու: Սակայն ԵԱՏՄ անդամ երկրներ տեղափոխման և այլ ծախսերը բնականաբար տարբեր են լինելու: Հիմա մենք փորձում ենք այդ շղթան հնարավորինս հեշտացնել, որ ծախսերի նվազեցում տեղի ունենա»,-ասաց նա:

Գևորգյանը վստահեցրեց՝ մտահոգությունը, թե բենզինի շուկան փակ է, անհիմն է: «Հենց Իրանը բացում է և հնարավորություն է ունենում ՀՀ բենզին մատակարարել, մեծ ակտիվություն է դրսևորվում, գները մի փոքր իջնում են»,- նշեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ