fbpx
Էկո

Բեռլինում էկոակտիվիստները փակել են Բունդեսթագ տանող կամուրջը

Բեռլինում Extinction Rebellion շարժման մի քանի հարյուր բնապահպան ակտիվիստներ այսօր առավոտյան փակել են Բունդեսթագ (խորհրդարան) տանող Մարշալ-Բրյուկե կամուրջը։ Այս մասին հաղորդում է Die Welt-ը:

«Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես նախորդ օրերին: Այնտեղ խաղաղ բնակիչներ են նստած»,-հայտարարել է ոստիկանությունը:

Իրավապահների հաղորդմամբ՝ ցուցարարներն ակցիայի անցկացման մասին չեն զգուշացրել իշխանություններին:

Կլիմայի փրկման համար ողջ աշխարհում ցույցեր են անցկացվում արդեն երրորդ օրը:

Քաղաքում տրանսպորտային հաղորդակցության հետ կապված խնդիրներ են սպասվում, ոստիկանությունը շրջափակել է Բեռլինի կենտրոնական մի քանի փողոցներ: Իրավապահների խոսքով՝ ցուցարարներն արդեն ազատել են դեպի մոտակա բուժհաստատություններ տանող ճանապարհը:

Extinction Rebellion-ի նպատակն է քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրել դեպի կլիմայի փոփոխության խնդիրն ու ստիպել միջոցներ ձեռնարկել:

«Մենք կազատենք ճանապարհը, երբ քաղաքական գործիչներն արձագանքեն մեր պահանջներին»,-Die Welt-ը մեջբերում է ցուցարարներից մեկի խոսքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ