ԱԺ ԲՀԿ խմբակցությանն պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մասնակցում է Ամուլսարի շահագործման դեմ ընթացող բողոքի ակցիային Բաղրամյան 26-ում:
«Այսօր եկել եմ իմ ժողովրդի կողքին կանգնելու, այն կարծիքին եմ, որ առնվազն Արփա և Որոտան գետերի մասով ծրագիրը թերի է: Դա ընդունել են և՛ փորձագետները, և՛ Լիդիանի մասնագետները, հետևաբար եթե այդ խնդիրները դեռ լուծված չեն, ինչ շահագործման մասին է խոսքը: Միայն դա բավարար է, որ հանքը չշահագործվի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այս պահին Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին հրավիրել է հանդիպման: Միաժամանակ Բաղրամյան-26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:
Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

