Խորհրդարան

«Բարգավաճ Հայաստանը» քաղաքական բոյկոտ հայտարարեց և լքեց նիստերի դահլիճը

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը քաղաքական բոյկոտ հայտարարեց և լքեց նիստերի դահլիճը «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ. զեկուցողը փոխվարչապետ Ավինյանն է:

Ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նա ներողություն խնդրեց փոխվարչապետից և ԼՀԿ-ից թեմայից շեղվելու համար և հայտարարեց, որ արդեն երկու օր է՝ Ծառուկյանի մի նախադասությունը, որը վերաբերում էր ներդրումներին, դարձել է մառազմի և մազոխիզմի փառատոն՝ Ծառուկյանի փողերից սկսած՝ վերջացրած բոլոր-բոլոր թեմաներով, որոնք խնդրին չէին վերաբերում:

Աբովյանը հիշեցրեց, որ թեման ներդրումների մասին է, որ Հայաստանում ներդրումներ հնարավոր չէ իրականացնել, և Գագիկ Ծառուկյանն ընդամենը օրինակ էր բերել:

«Նոր մեր գործընկերներից մեկը՝ Ալեն Սիմոնյանը, ասաց քանի՞ գլխանի ենք, էնքան գլխանի ենք, քանի ձայն, որ մեզ տվել են ընտրողները, 100 հազարից ավել: Ես պարզապես հիշեցնեմ»,- ասաց նա:

Աբովյանը վստահեցրեց՝ չի ստացվի փոշիացնել, լղոզել այս թեման:

«Երկու օր է՝ ֆեյքերի բանակը լղոզում է այս թեման: Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել, որովհետև ԱԺ-ն դարձել է մի նախադասության փոշիացնելու վայր, մենք լքում ենք այսօր խորհրդարանը, և դուք եք պատասխանը տալու՝ ինչու մենք չկարողացանք կառավարությանը մեր հարցերն ուղղել: Քաղաքական բոյկոտ ենք անում»,-ասաց Արման Աբովյանը, և ԲՀԿ խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը:

Տիգրան Ավինյան էլ նշեց, որ թեպետ թեմայից դուրս է Աբովյանի ասածը, բայց այդուհանդերձ պատասխանեց, ասել, որ ներդրումների հետ կապված մեղադրանքը իրականությանը չի համապատասխանում:

«Եթե ներդրումները ենթադրում են Երևանի կենտրոնում հողատարածքների նվիրատվություն, կարծում եմ՝ այդտեղ որոշակի խնդիրներ կան, և պետք է հասկանալ՝ որտեղ են ավարտվում ներդրողների շահերը, և որտեղ են սկսվում համայնքի շահերը:

Ես կարծում եմ՝ համայնքապետարանի դիրքորոշումը շատ հստակ է եղել, և դա ընդհանուր կանոն է բոլորի համար և ոչ թե կոնկրետ ներդրողի»,-հայտարարեց Ավինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ