fbpx
Իրավական

Բնապահպանության հայտնի նախարարն ապօրինի թույլտվություն էր տվել ջրօգտագործողներին. Արթուր Դավթյան

Օգոստոսի 29-ին Կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով ձկնաբուծարանների և ջրային ավազանի խնդրին, տեղեկացրեց, որ մեկ քրգործ քննվեց Արարատի մարզի տարածքում տրված թույլտվության հետ կապված:

«Պարզվեց, որ ժամանակի բնապահպանության հայտնի նախարարն ապօրինի առանց փորձաքննության կամայական թույլտվություն էր տվել: 211 տնտեսվարողներ ապօրինի այդ արտադրությունն իրականացնում էին, ապօրինի այն իմաստով, որ փորձաքննություն չէին անցել, բայց ունեին թույլտվություն, ահավոր վնասների մասին էր խոսքը և ավելի վատ ռիսկերի մասին: Համապատասխան քրեաիրավական գնահատականները տրվել են: Լուրջ, հրատապ ներգրավվածության անհրաժեշտություն կա՝ այդ տնտեսվարողների մոտ հասկանանք՝ ինչ է կատարվում: Այս պահի դրությամբ փորձաքննություն չեն անցել: Հիմա մի կազմակերպության հարց ենք քննարկվում, բայց փաստ է՝ ունենք տնտեսվարողներ, որ այս պահի դրությամբ պատշաճ չեն օգտագործում նույն ջրային ռեսուրսի օգտագործումը, որը հղի է վտանգներով»,- ասաց Արթուր Դավթյանը:

Դավթյանը վարչապետին հայտնեց, որ խնդիրը կա և իր պատկերացմամբ՝ օպերատիվ լուծման կարիք ունի: Վարչապետն ասաց. «Ստացվում է, հիմա ի՞նչ պետք է անենք: Եթե թույլտվություններն ապօրինի են տրված, էլի շատ բարդ իրավիճակ է: Ենթադրենք, 200-ն էլ գործող տնտեսվարող են, նշանակում է՝ փաստացի բռնել-փակել»:

Վարչապետի խոսքոին արձագանքելով՝ Արթուր Դավթյանը նշեց. «Գուցե ոչ թե փակել, այլ նոր պայմաններին համապատասխանեցնել, այսինքն՝ իրականացնել գործողություններ, որ վերահսկելի լինի»:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը զեկուցեց, որ գլխավոր դատախազի հետ աշխատում են, շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության նոր ընդունված և նախորդ օրենքներում տարբերություն կար, այդ մասով կարող են աշխատել:

«Մի քանի տնտեսվարողի մասով միանշանակ է՝ վերջին փոփոխություններից հետո որոշակի ծավալի պարագայում հստակ նշվում է, որ դա փորձաքննության ենթակա է: Տասնյակ ձկնաբուծարանների կողմից ավել ջրօգտագործում իրականացվելու մասին արձանագրություններն ուղարկվել են տեսչական մարմիններ, եթե կան իրավաչափության հետ կապված հարցեր՝ նաև այլ մարմինների»,- ասաց նախարարը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ խնդիրը նուրբ է, չի բացառվում, որ տնտեսվարողը դիմել է նախարարություն և չի էլ իմացել, որ չի անցել փորձաքննությունը:

«Պետք է քննարկել, ողջ գործընթացը հընթացս անցնելու հնարավորություն տալ իրենց, որ տնտեսությունը չտուժի, և նրանց վերադարձնենք իրավական դաշտ»,- ասաց Պապիկյանը:

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ պետք է առիթից օգտվել, որ այս ծրագրերը իրականացնեն ժամանակին, որ այդ ջրային խնայողության ռեժիմը աշխատի: Վարչապետի համոզմամբ՝ պետք է նուրբ լուծումներ գտնել, բայց լուծումներ անպայման պետք են:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ