fbpx
Կրթություն

Բոլոր մասնագիտություններով լինելու է ընդունելության մեկ քննություն․ Արայիկ Հարությունյան

Ապրիլի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձել է բուհերի ընդունելության կարգին ու քննություններին։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինքը որպես նախարար որոշումներ կայացնելիս, նույն ընդունելության քննությունների հետ կապված, չի առաջնորդվում որևէ բուհի շահերով, որովհետև, որևէ բուհում շահ չունի։

Նախարարը նշել է, որ եթե կան դիմորդներ, որ միջազգային բուհեր պետք է դիմեին, սակայն դա հիմա հնարավոր չէ, նախարարությունը նոր հայտագրում է կազմակերպելու նրանց համար։

«Կարող եք հայտագրվել մայիսի 25–ից մինչև հունիսի 15–ը, ժամը 18։00–ն ընկած ժամանակահատվածում՝ ԳԹԿ կայքում ստեղծված համապատասխան էջում»,- հայտնել է նախարարը։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ կարևոր փոփոխություն է արվել, քանի որ 1 քննություն է և կարևորել են մասնագիտության ընտրությունը։ Դիմորդներն ընդունելության դիմում–հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտություներն ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի։ Համաձայն ընդունելության դիմում–հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի՝ մինչև 2 անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրված բոլոր մասնագիտությունների համար սահմանված ընդունելության մրցույթային միևնույն առարկայի քննություն է հանձնում։ Ենթադրենք, դուք ուզում եք ընդունվել արևելագիտության՝ արաբագիտության բաժին, այսինքն ընտրեք արաբագիտություն մասնագիտությունը և դուք հենց այդ մասնագիտությունն եք ուզում ստանալ։

«Յուրաքանչյուր ոք, որ կդիմի այս մասնագիտությանը, նրան անվճար և վճարովի համակարգերի առավելություն է տրվելու և այլ մասնագիտության դիմած դիմորդը նույն հավասար իրավունքները չի ունենալու, ինչ տվյալ մասնագիտության համար դիմածը։ Քանի դեռ բոլոր դրական գնահատական ստացած դիմորդներն այս տեղերը չեն լրացրել արաբագիտության բաժնում, այլ մասնագիտությունների դիմածները, եթե անգամ նրանք ավելի բարձր գնահատական ունեն, չեն կարողնա մասնակցել այս մրցույթին։ Երկրորդ շրջանով նոր կարող են մասնակցել մրցույթին, եթե կան թափուր տեղեր։ Սա քաղաքակրթական և սկզբունքային շատ կարևոր հարց է, որ մենք այլեւս կարևորենք մասնագիտությունը»,- ասել է Կրթության և ԳՄՍ նախարարը։

Արայիկ հարությունյանը ներկայացրել է նաև ընդունելության մրցույթային առարկայի քննությունից հավասար միավորներ ստանալու դեպքում առավելության տրման կարգը.

«Եթե դիմել եք արվեստագիտություն մասնագիտությամբ և ունեք 16–ական միավոր, առավելություն տրվելու է ըստ հետևյալ հերթականության՝ 1. Մեդալակիր դիմորդներին, 2.Արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին։ 3. Հանրակրթական ուսումնական հաստատություների 10-ից 12-րդ դասարաններում սովորելու ընթացքում դպրոցականների հանրապետական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին։ 4. Ցանկում տվյալ մասնագիտության տողում առկա աստղանիշով, մեկ առարկայի դեպքում փաստաթղթում առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին, իսկ աստղանիշով մեկից ավելի առարկաների դեպքում՝ այդ առարկաների գնահատականների միջին թվաբանական առավել բարձր միավոր ունեցող դիմորդներին։ Այսինքն, եթե նախկինում պետք է հանձնեիք 3 քննություն, այստեղ աստղանիշով նշվածները ձեր մյուս առարկաներն են, որոնք պետք է հանձնեիք, բայց մրցույթի ժամանակ դրանք նայվելու են ձեր ատեստատներից։ 5. Պետակական ավարտական քննություններից միջին թվաբանական առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին։ 6. Տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին։ Անվճար և վճարովի քննությունների հիմնական արդյունքներն ամփոփվելու են մինչև տվյալ տարվա հուլիսի 18–ը»։

Նախարարի խոսքով՝ լինելու է նաև լրացուցիչ փուլ։ Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների հիմնական փուլի արդյունքները հաստատելուց հետո բուհերում մասնագիտությունների թափուր տեղերի առկայության դեպքում ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին։

«Դրա համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում–հայտ են ուղարկում էլեկտրոնային առցանց եղանակով, հուլիսի 20–ից 22-ը, ժամը 18։00–ն», – նշել է նախարարը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ