fbpx
Քաղաքականություն

Բորիս Ջոնսոնի մեծ պապին Օսմանյան կայսրությունում անվանել են հայասեր և ենթարկել Լինչի դատաստանի

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնն ստանձնած Բորիս Ջոնսոնի ազգությամբ թուրք մեծ պապին Օսմանյան կայսրությունում մեղադրել են հայերին պաշտպանելու մեջ: Այս մասին պատմել է թյուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա մանրամասներ է ներկայացրել Ջոնսոնի մեծ պապի պատմությունից:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի մոր պապը՝ Ալի Քեմալը, Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում եղել է հայտնի լրագրող և քաղաքական գործիչ, ով երիտթուրքերի կառավարման վերջում հանդես էր գալիս քննադատական դիրքերից և մամուլում հաճախ քննադատել է երիտթուրքական կառավարությանը: «Նրա այդ ակտիվությունը և հայկական թեմայի արծարծումը տեսանելի է դարձել 1918 թվականից հետո, երբ երիտթուրքերը հեռացել են իշխանությունից: Այդ ժամանակ Ալի Քեմալն ավելի ակտիվ էր քննադատում, նաև հանդես էր գալիս հոդվածներով»,- պատմեց Ռուբեն Մելքոնյանը:

Երիտթուրքերի՝ իշխանությունից հեռանալուց հետո Քեմալն ընդգրկվել է նոր կառավարության կազմում, որն այն ժամանակ լիովին ենթարկվում էր Մեծ Բրիտանիային: «Ալի Քեմալն այդ ժամանակ զբաղեցնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը կարճ ժամանակահատվածով: Ավելի ուշ, երբ քեմալական շարժումը սկսվեց, որի հետևում կանգնած էին երիտթուրքերը, հիմնվում է Թուրքիայի Հանրապետությունը, քեմալականները ստեղծում են «անկախության դատարաններ», որոնք պետք է դատեին անցումային ընթացքում հակաերիտթուրքական դիրքորոշում ունեցող մարդկանց: Ալի Քեմալը ձերբակալվում է, իսկ երբ նրան ուղեկցում են Անկարա, որտեղ դատարանի առաջ պետք է կանգներ, ճանապարհին՝ նահանգներից մեկում, նահանգապետը ելույթով է հանդես գալիս և Ալի Քեմալին ներկայացնում որպես հայտնի հայասեր: Նահանգապետն անմիջապես նահանգապետարանի շենքի մոտ հավաքվածներին է հանձնում Ալի Քեմալին: Տեղում հավաքված ամբոխը Լինչի դատաստանի է ենթարկում Քեմալին և սպանելուց հետո էլ նրան բարձրացնում կախաղան»,- նշեց Մելքոնյանը:

Ըստ նրա՝ Ալի Քեմալը ներկայացվում էր իբրև հայամետ գործիչ, վերջինիս համար հայկական թեման երիտթուրքերին քննադատելու առիթներից մեկն էր, և նրան ներկայացնում էին որպես դավաճան, հայասեր:

«Այդ պատճառով Ալի Քեմալին անվանում էին Արթին, որը հայկական Հարություն անվան թուրքական տարբերակն է: Երբ Ալի Քեմալին ենթարկում են Լինչի դատաստանի և դին բարձրացնում կախաղան, ականատեսների հուշերում կա հետևյալ նկարագրությունը. նրանք տեսնում են, որ նախկին նախարարի կրծքին գրված է եղել Արթին Քեմալ, այսինքն` արդեն իսկ սպանված Քեմալի կրծքին, որպես հայերի նկատմամբ ատելության նշան, դաջում են «Արթին»»,- պատմեց թուրքագետը:

Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ Բորիս Ջոնոսոնն Ալի Քեմալի աղջկա թոռն է: Երբ Ջոնսոնը տարիներ առաջ այցելել է Թուրքիա՝ այն հանգամանքը, որ նրա մեծ պապը եղել է թուրք, նախարար՝ շեշտվել է: «Բացասական մասերը հյուրընկալության ընթացքում դուրս են մնացել: 1918-22 թվականներին Ալի Քեմալը մոտ է եղել բրիտանական իշխանություններին, իսկ նրա աղջիկն ամուսնացել է բրիտանացու հետ»,- նշեց թուրքագետը:

Աղբյորը՝ Արմենպրես

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ