fbpx
Գիտություն

Բրազիլացի հնագետները դինոզավրի նոր տեսակ են հայտնաբերել

Բրազիլացի հնագետները տեղեկացրել են մինչ այժմ անհայտ դինոզավրի հայտնաբերման մասին, որն ապրել է լատինամերիկայն հանրապետության հարավում։ Հնագույն կենդանու մնացորդները հայտնաբերվել են Պարանա նահանգում, Կրուզեյրու դու Ուեստի հնէաբանական հուշարձանի պեղումների ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է TACC-ը։

«Անհավանական հայտնագործություն է, քանի որ խոսքն առաջին դինոզավրի մասին է, որը հայտնաբերվել է մեր նահանգում։ Բացի այդ, մենք հազվադեպ ենք նման բաների ականատես լինում՝ լավ պահպանված վիճակում»,- Globo հեռուստաալիքը մեջբերում է Բրազիլական հնէաբանական ընկերության նախագահ Ռենատո Պիրանի Գիլարդիի խոսքերը։ «Եթե մինչև հիմա կարծիք կար, թե մեր շրջանում, ի տարբերություն Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի, դինոզավրեր չեն եղել, ապա հիմա հասկանալի է, որ մենք պետք է պարզապես գտնենք դրանք»,- ասել է նա։

Նոր տեսակի մողեսի տարբերակիչ գիծը, որն ստացել է Vespersaurus paranaensis անվանումը, եզակի հետին թաթերն են։ Գիշատչի կերպարի վերստեղծման վրա աշխատող գիտնականների կարծիքով, այն տեղաշարժվել է՝ հենվելով ոտքի միայն մեկ հզոր մատի վրա, այն դեպքում, երբ մյուսները, նույնպես երկար չանչերով, օգտագործել է որս անելու համար։ Մոտ 90 մլն տարի առաջ այստեղ բնակված բրազիլական դինոզավրի չափսերը բավական համեստ են եղել. երկարությունը չի գերազանցել 1,5 մետրը, բարձրությունը՝ 80 սանտիմետրը, քաշը՝ 15 կիլոգրամը։

Այս տեսակի կենդանու առաջին մնացորդները հայտնաբերվել են դեռևս անցած դարի 70-ականներին, սակայն դրանց ուսումնասիրությունը սկսվել է համեմատաբար վերջերս, և սկզբում թեթև ոսկրային հիմնակմախքի պատճառով դրանց սխալմամբ վերագրել են պտերոզավրերի տեսակին (թռչող կենդանիներ մեզոզոյան դարաշրջանում)։ Հետագա գտածոները ու դրանց ավելի խոր ուսումնասիրությունը թույլ տվեց հնագետների կոլեկտիվին Պարանայի և Սան Պաուլուի համալսարաններից Կրուզեյրու դու Ուեստիի հնէաբանական թանգարանի մասնագետների հետ համատեղ շտկել գործընկերների սխալը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ