fbpx
Սպորտ

Բրեմենի «Արարատ» ակումբ. վայր, որտեղ մարզվում են չեմպիոնները (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Բռնցքամարտի հայազգի մարզիչ Հենրիկ Օհանյանին պահանջվել էր մոտ 7 տարի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բրեմեն քաղաքում բռնցքամարտի «Արարատ» ակումբը հիմնելու համար:

Azat.tv-ի հետ զրույցում ակումբի հիմնադիր-մարզիկը խոսել է անցած ճանապարհից, նպատակներից և ներկայացրել ակումբի հաջողությունները:

«Ակումբը հաջողվեց հիմնադրել 2005 թվականին, վայրը, որտեղ որոշեցինք հիմնադրել, գտնվում էր Բրեմենի ոչ այնքան հանգիստ թաղամասում: Ես նպատակ էի հետապնդում երիտասարդներին կտրել փողոցից և սպորտի միջոցով կարգապահություն և նպատակասլացություն սերմանել», – մեզ հետ զրույցում պատմել է Օհանյանը՝ վստահեցնելով, որ սպորտը ոչ միայն կրթում է մարդու մարմինը, այլ նաև հոգին: Այդ պատճառով մարզչի համար կարևոր էր, որ սպորտի միջոցով նա կարողանար նաև մեծահասակների նկատմամբ հարգանք, դիմելաձև վարժեցնել, ինչը որ հետագայում նրան հաջողվում է:

Այս պահին ակումբում մարզվում են մոտ 70 սան, որոնց մեջ կան թե պրոֆեսիոնալ մարզիկներ, թե բռնցքամարտով սիրողական մակարդակով զբաղվողներ: Մարզչի պնդմամբ՝ շատ են նաև կանայք, ովքեր երեխաներ ունեն և որպես սպորտաձև նախապատվությունը տալիս են հենց բոքսին:

Ըստ Օհանյանի՝ ի սկզբանե նպատակը եղել է ստեղծել մի ակումբ, որը կմիավորի ոչ միայն հայերի, այլ այն մարդկանց, ովքեր գնահատում և սիրում են սպորտը: Նա հպարտությամբ է պատմում, թե ինչպես է դահլիճում կախված հայոց եռագույնի ներքո մարզվում են մարդիկ անկախ ազգությունից և կրոնից, ինչը, Օհանյանի խոսքով, ապացուցում է, որ սպորտը ազգություն չի ճանաչում:

Նկատենք, որ Բրեմենի «Արարատ» ակումբը ողջ Գերմանիայով ճանաչում է ձեռք բերել իր սան և ակումբի հիմնասյուներից մեկի՝ մարզիկ Արթուր Օհանյանի շնորհիվ, ով հանդիսանում է բռնցքամարտի Գերմանիա քառակի չեմպիոն: Վերջինս 2019 թվականին դարձավ նաև աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Արթուրը այս ամենով չի սահմանափակվում և պատրաստվում է նաև այլ մրցաշարների:

«Ակումբի սաների համար Արթուրը վառ օրինակ է, թե ինչպես կարգապահությունը, ձգտումը և աշխատասիրությունը կարող է արդյունք տալ: Մարզիկները ոգևորվում են նրա հաջողություններով, փորձում են կրկնօրինակել մարտի նրա տեխնիկան», – պատմում է մարզիչը՝ ընդգծելով, որ Արթուրն իր օրինակով ցույց տվեց, որ անհնարին բան չկա:

Օհանյանը խոստովանում է նաև, որ իր սաներից շատերը քաղաքում, երկրամասում տեղի ունեցող շատ մրցաշարներում գավաթակիրներ են և դրանով չեն սահմանափակվում: Կան մարզիկներ, ովքեր ուզում են պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել և ամեն ինչ անում են դրա համար:

Մարզիչի բազմամյա փորձը Օհանյանին ապացուցում է, որ երբեմն մարդ չի գնահատում իր իրական ուժերը, նրա վստահ է, որ եթե չփորձես երբեք չես կարող իմանալ, թե մարմինդ ինչի է ընդունակ: Երբեմն նորեկներն առաջին քայլեր են անում բոքսում և իրենք իրենց վրա զարմանում իրենց ընդունակությունների վրա:

Զրուցեց Անուշ Լալայանը

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ