Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և ԵՄ-ի խորհրդի նախագահ Շառլ Միշելը համաձայնագիր են ստորագրել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին, ինչը Եվրախորհրդարանում այն վավերացնելու հնարավորություն է ստեղծում: Այս մասին ԵՀ-ի նախագահը գրել է Twitter-ի իր էջում։
«Շառլ Միշելը և ես հենց նոր ստորագրեցինք Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը, ինչը թույլ է տալիս Եվրախորհրդարանին այն վավերացնել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Շառլ Միշելը Twitter-ում նշել է, որ Եվրամիությունը և Միացյալ Թագավորությունը նոր էջ են բացում որպես գործընկերներ ու դաշնակիցներ:
Հունվարի 23-ին Եվրախորհրդարանի սահմանադրական գործերի կոմիտեն արտահերթ նիստում պաշտպանել է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը: Դրա շուրջ Եվրախորհրդարանում քվեարկությունը կկայանա հունվարի 29-ին, ինչից հետո փաստաթուղթն անմիջապես պաշտոնապես կհաստատվի ԵՄ-ի խորհրդի կողմից: