fbpx
Սպորտ

Բռնցքամարտի ֆեդերացիան հավաստիացնում է, որ ոչ ոքի չի արգելել մասնակցել երիտասարդական առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել` հավաստիացնելով, որ որևէ մեկին չի արգելել մասնակցել Հայաստանի երիտասարդական առաջնությանը:

«ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան բոլոր մարզիկներին հնարավորություն է տվել մասնակցել Հայաստանի երիտասարդական առաջնությանը:

Վլ. Ենգիբարյանի անվան մարզադպրոցը, որը սնվում է պետբյուջեից, իր մարզիկներին արգելել է մասնակցել առաջնությանը: Բարեբախտաբար, մի քանի ծնողներ հասկանալով, որ իրենց երեխայի ապագան ավելի կարևոր է, քան տվյալ մարզադպրոցի տնօրենի կամայական որոշումները, այսօր եկել են ֆեդերացիա` դիմում գրել, որից հետո ֆեդերացիան տվյալ մարզիկներին թույլատրել է մասնակցել առաջնությանը:

Երևանի Օլիմպիական հերթափոխի քոլեջը հայտ է ներկայացրել և մասնակցել նաև կշռման արարողությանը , սակայն մրցումներից առաջ իր սաներին հորդորել է, որ չմասնակցեն առաջնությանը: Այժմ տվյալ մարզադպորցի սաները մասնակցում են մրցումներին այլ հայտով:

Առաջնությանը չի մասնակցում միայն Կոտայքի մարզը, որի մարզադպրոցների մարզիչները սաներին արգելել են մասնակցել:

Հուսով ենք կառավարությունը կարձագանքի և վերջ կդրվի այս ապօրինի գործողություններին, քանի որ կամայական որոշում կայացնողներն ու անհասկանալի մարդկանց հրահանգներ կատարողները տեղ չունեն պետական ապարատում»,- ասվում է ֆեդերացիայի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Իսկ ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունն ավելի վաղ տեղեկություն էր տարածել այն մասին, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցին առաջարկել է մասնակցել երիտասարդների Հայաստանի առաջնությանը, հետո արգելել` պահանջելով մասնակցության դիմում ներկայացնել ոչ թե մարզադպրոցի, այլ ֆեդերացիայի անունով.

«Մարզադպրոցի անձնակազմը, սակայն, այստեղ տեսնում է դիտավորություն, ու երեք ամիս տքնաջան պարապմունքներից հետո, տեղեկանալով այս որոշման մասին՝ հրաժարվում է մասնակցել առաջնությանը: Դպրոցի անձնակազմն ասում է` իրենց համար հարազատ մարզադպրոցի անունն այնքան բարձր է, որ ոչ մի դեպքում դիմում չեն գրի ֆեդերացիայի անունով»,- ասվում էր ՀԱՕԿ-ի կայքում:

Ավելի վաղ, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ֆեսյբուքի իր էջում կատարած գրառմամբ, հայտնել էր, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն սառեցնում է ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ