Իրավական

Ոստիկանի նկատմամբ բռնության համար ձերբակալվել է Արարատի բնակիչը

2020թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արարատ քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նախկին ամուսինը՝ հարբած վիճակում, պառկել, քնել է իր տան մուտքի դիմաց, ինչի պատճառով անչափահաս թոռը մնացել է դրսում՝ վախենալով տուն մտնել, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ ահազանգի հիման վրա՝ ՀՀ ոստիկանության ծառայողները մեկնել են նշված հասցե և պահանջել, որ վերոնշյալ տղամարդը ազատի տան մուտքը: Վերջինս, իջնելով շենքի առաջին հարկ, շքամուտքի դիմացի հատվածից վերցրել է գարեջրի շիշ, կոտրել այն և դրանով հարվածել ոստիկանության ծառայողին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ապա սկսել է ինքնավնասել իրեն, ինչից հետո վնասազերծվել է մյուս ոստիկանների կողմից:

Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով:

Նշվում է նաև, որ քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առերես հարցաքննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

Արարատ քաղաքի բնակչուհու նախկին ամուսինը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ