fbpx
Կառավարություն

16:45 17/4/2019

Բուռ առ բուռ հող սկսեցինք լցնել մշակույթի գերեզմանափոսի վրա. Սոֆիա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանն ԱԺ ապրիլի 17-ի նիստում Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին քննարկման ժամանակ նշեց՝ խոսելու է ոչ թե այս փոփոխության ճիշտ կամ սխալ լինելու մասին, որը բավականաչափ քննարկված է, այլ իր զգացումների մասին: Դիմելով հիմնական զեկուցող՝ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ նա ասաց.

«Պարոն Զեյնալյան ջան, չէի կարող լսել Ձեր պատասխանները, որոնցից հորդում էր մի տրամաբանություն՝ Կառավարությունը որոշել է, և մենք՝ պատգամավորներս, այլընտրանք չունեք: Դա այդպես չէ, մենք հստակ առաջարկ ունենք»:

Խոսելով Մշակույթի նախարարության գործունեության մասին՝ պատգամավորը ասաց. «Նախորդ իշխանությունները մի քաղաքականություն վարեցին, որի արդյունքում մեր մշակույթը հայտնվեց գերեզմանափոսում: 2018 թվականի հեղափոխությունից հետո շատերս ուրախացանք, որ մենք բոլորս միասնաբար գերեզմանափոսից կհանենք մեր մշակույթը, բայց դա այնքան էլ այդպես չեղավ, այն ոչ միայն մնաց այնտեղ, այլ բուռ առ բուռ հող սկսեցինք լցնել վրան, իսկ վերջերս՝ բահ առ բահ»:

Հովսեփյանը ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հարցազրույցներից մեկից մեջբերում արեց.

«Պարոն Հարությունյանը վերջերս խոսեց և հարցին՝ ի՞նչ է ժառանգել նախորդ Կառավարությունից, շատ տիպիկ պատասխանեց՝ փլատակներ: Որպես կրթության մասնագետ՝ ես կիսում եմ այս կարծիքը: Այո՛, մենք ժառանգել ենք կրթության ոլորտում փլատակներ, բայց բոլորս շատ լավ գիտենք, թե որքան բարդ է դրանցից ազատվելը, ժամանակատար և մեծ ռեսուրսներ պահանջող ոլորտ է: Եվ դեռ այս փլատակներից չազատված՝ մշակույթը, որ մեր ազգի ներկայացման համար մեկ գրավականն է, միացնում ենք Կրթության և գիտության նախարարությանը՝ այն դեպքում, երբ որ այս նախարարությունը գերծանրաբեռնվելու է»:

«Հիմա հարց. Եթե մենք դեռ չենք ձերբազատվել փլատակներից և պետք է դեռ մաքրենք-կառուցենք, ապա ինչպե՞ս պետք է գերեզմանափոսից հանենք մշակույթը: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրիս համար պետք է լինի կարևոր հարց, որովհետև ամեն մեկս աշխարհին ներկայանալուց գլուխ ենք գովում, որ մենք աշխարհի ամենահին ազգն ենք, որ մենք ունենք ամենահին մշակույթը, սակայն դա ընդամենը գլուխ գովալ է, որովհետև այդ մշակույթը արդեն թաղել ենք: Եվ խնդրում եմ յուրաքանչյուրիս՝ սա ընդունենք որպես ակնարկ և երկրորդ և երրորդ ընթերցման ժամանակ այս հարցը վերանայվի: Ես այլևս չեմ խոսելու այս մասին՝ հույս ունենալով, որ ամեն մեկս որպես հայ մարդ գերկգնահատենք մեր արժեքները և կկարևորենք գոնե որոշ ժամանակով մինչև որ հայկական մշակույթը այնքան աշխարհին ծանոթ լինի, որ հետո, երբ միացնենք, այդ ժամանակ այլևս խնդիրներ չառաջանան», – եզրափակեց պատգամավորը:

Վերեվ