Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաջորդ տարվա բյուջեն կավելանա 70 մլն դրամով:
Այս մասին հայտնեց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետբյուջեի նախագծի քննարկումներում:
Նախ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, որ 2023 թ ՄԻՊ աշխատակազմի գծով նախատեսված հատկացումները կազմում են 612 մլն 307 հազար դրամ՝ ըստ 2023 թվականի պետբյուջեի օրենքի նախագծի: Այս տարվա սպասվող ծախսերի հանրագումարը կազմում է 542 մլն 400 հազար դրամ, իսկ 2021-ի փաստացի ծախսերը կազմել են 531 մլն 272 հազար դրամ:
«2022 թվականին համեմատ 2023-ի՝ ՄԻՊ աշխատակազմի բյուջեն ավելացել է շուրջ 70 մլն դրամով, աճը կազմում է 12.8 տոկոս»,-ասաց Գրիգորյանը:
ՄԻՊ- ը պարզաբանեց նաև, թե ինչով է պայմանավորված այդ աճը: «Առաջին հերթին՝ 2023 թվականին Լոռու մարզում նոր գրասենյակ բացելու նախաձեռնությունն է, և ըստ այդմ ստորաբաժանման պահպանման ծախսերի համար պետբյուջեից հատկացումը՝ բացի աշխատավարձից: Աճի ապահովման հաջորդ ուղղությունը պաշտպանի թեժ գծի ծառայության ամբողջական թվայնացմամբ պայմանավորված նոր էլեկտրոնային համակարգի ներդրումն է, որը հնարավորություն կտա առավել քիչ մարդկային ռեսուրս օգտագործել շատ տեխնիկական հարցերի վերաբերյալ՝ ընթացակարգերի ավտոմատացման և գործընթացների թվայնացման միջոցով»,-ասաց Գրիգորյանը:
Բյուջեի աճի հաջորդ բացատրությունը աշխատավարձի բնականոն աճն է, նաև պաշտպանի աշխատակազմում նախատեսվող հերթապահության ժամաքանակի ավելացումը: ՄԻՊ-ը բյուջեի աճը բացատրեց նաև էներգետիկ, կոմունալ ծառայությունների սակագների փոփոխությամբ, նաև պաշտպանի գրասենյակի ընթացիկ վերանորոգման և պահպանման ծախսերի լրացման գործոնը: «Եվ ի վերջո ամենամեծ տեսակարար կշիռը գումարային առումով պաշտպանի կենտրոնական գրասենյակի մատչելիության ապահովումն է՝ հենաշարժողական հաշմանդամության խնդիրներ ունեցող անձանց համար: Սրա համար նախատեսված է կապիտալ վերանորոգման ծախս՝ 24 մլն 150 հազար դրամի չափով պետբյուջեից»,-նշեց նա: