fbpx
Իրավական

Ծառուկյանը հարուցված քրգործերով չի հարցաքննվել․ նա առնչություն չունի այս քրգործերի հետ․ փաստաբան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարցաքննվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և մյուսների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Հարուցված այդ երեք քրեական գործերից որևէ մեկով չի հարցաքննվել։ Պարոն Ծառուկյանը հարցաքննվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, Սեդրակ Առուստամյանի և շատ այլ անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործով։ Երբ մեզ հրավիրել են ԱԱԾ՝ հարցաքննության, չեն էլ նշել, թե ի՞նչ գործի շրջանակներում ենք կանչվում։ Այսինքն՝ խուզարկությունից հետո միանգամից հրավիրել են։ Պարոն Ծառուկյանն էլ որպես օրինապահ քաղաքացի ու որպես ԱԺ պատգամավոր, չի մերժել հրավերը, և գնացել ենք ԱԱԾ»,- պատմեց Էմին Խաչատրյանը։

Հարցին՝ 8 ժամ տևած հարցաքննության ընթացքում արդյոք առերեսում եղե՞լ է, Խաչատրյանն ասաց, որ առերեսման խնդիր չկար այնտեղ. «Գագիկ Ծառուկյանն այդ քրեական գործի շրջանակում հարցաքննվում էր առաջին անգամ։ Կարծում եմ, որ որևէ հակասություններ չի կարող լիներ ցուցմունքների մեջ, քանի որ պարոն Ծառուկյանը քննության համար արժեքավոր տեղեկատվության չէր տիրապետում։ Մի շարք մեղադրող բնույթի հարցեր հնչեցվեցին, որոնք քննության այդ փուլում անթույլատրելի է, հաշվի առնելով նաև Ծառուկյանի ԱԺ պատգամավոր լինելու հանգամանքը, քանի որ նա անձեռնմխելիությունից է օգտվում։ Նրանց կողմից «Էկլեն ընդդեմ Գերմանիայի» նախադեպային որոշումով հարցաքննելը, ըստ էության, կասկածանքի շուջ հարցաքննվելը, մեղմ ասած, իրավաչափ չի, իսկ կոպիտ ասած՝ ապօրինի է»։

Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների այն հայտարարությանը, որ Գագիկ Ծառուկյանը վաղուց էր տեղյակ նշված քրեական գործերի մասին, փաստաբանն ասաց. «Գագիկ Ծառուկյանը կոնկրետ քրեական գործերի մասին տեղյակ չի եղել։ Իմ կարծիքով՝ պատգամավորները նկատի են ունեցել, որ ակնկալվում էր, որ քրեական գործեր կհարուցվեն կամ վարույթներ սկսեն։ Գագիկ Ծառուկյանն այս քրեական գործերի առկայության մասին իմացել է երեկ՝ վաղ առավոտյան ԱԱԾ աշխատակիցներն այցելել են իր բնակության հասցե և ներկայացրել են խուզարկության որոշումներ»։

Ուշագրավ է, որ, ըստ փաստաբանի, ընտրակաշառքների վերաբերյալ քրեական գործը հարուցվել էր դեռևս փետրվար ամսին. «Ըստ մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի՝ հասկանալի է դառնում, որ այս գործերը բավական երկար ժամանակ հարուցված են եղել։ Խաղատների վերաբերյալ քրեական գործը հարուցվել է 2020 թվականի հունիսի 13-ին, ընտրակեղծիքների վերաբերյալ քրեական գործը հարուցվել է 2020 թվականի փետրվարի 1-ին»։

Հարցին՝ խուզարկության արդյունքում Ծառուկյանի առանձնատնից ի՞նչ է առգրավվել, փաստաբանն ասաց. «Մեր կարծիքով՝ քննության համար որևէ նշանակություն ունեցող փաստաթղթեր չեն եղել, որոնք իրենք վերցրել են։ Տարել են ընդհանուր գրառումներ՝ իրենց բիզնես գործունեության վերաբերյալ, փոքր որդու համակարգիչն են վերցրել։ Կարծում եմ, որ կստուգեն ու կտեսնեն՝ միայն խաղեր է ու հետ կվերադարձնեն։ Օրինակ՝ կրիչ են վերցրել, որի մեջ ընտանեկան միջոցառումների տեսագրություններ են»։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին՝ Էմին Խաչատրյանն ասաց. «Դատախազի ԱԺ գնալը և միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ տեղեկություններն իրարամերժ են այս պահին։ Ես համոզված չեմ, որ կարող են նման կերպով զարգանալ իրադարձությունները։ Եթե նույնիսկ գնա, ապա կարող եմ ասել՝ որևէ իրավական հիմք չկա պարոն Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ Հարուցված այս քրեական գործերը առաջին հերթին անհիմն են, որովհետև Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի այս քրեական գործերի հետ»։

Նշենք, որ Էմին Խաչատրյանը հանդիսանում է նաև ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը փաստաբանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ