fbpx
Աշխարհ
06:00 18/10/2019

Կատալոնիայի կառավարության ղեկավարը անկախության նոր հանրաքվեի առաջարկ է արել

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տորան կարծում է, որ անհրաժեշտ է նոր հանրաքվե անցկացնել տարածաշրջանի անկախության հարցի շուրջ: Համապատասխան հայտարարությունը նա արել է հոկտեմբերի 17-ին՝ ելույթ ունենալով Կատալոնիայի խորհրդարանում: Այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Եթե քվեատուփերի համար մեզ դատապարտեցին հարյուր տարվա բանտարկության, ապա պատասխանն ակներև է՝ հարկավոր է վերստին քվեատուփեր տեղադրել ինքնորոշման հարցի շուրջ քվեարկելու համար»,-ասել է նա:

Միաժամանակ Տորան ընդգծել է, որ «դատարանը չի խանգարի Կատալոնիայի ղեկավարին՝ առաջ մղելու այն նախաձեռնությունները, որոնք վերաբերում են նրա ինքնորոշման իրավունքին»: Իսպանիայի Սահմանադրական դատարանը նախօրյակին նախազգուշացրել է Տորային՝ քրեորեն պատժելի հետևանքների մասին՝ ինքնորոշման իրավունքի հետ կապված դատական որոշումների խախտման դեպքում:

Կատալոնիայի կառավարության ղեկավարը հավելել է, որ 2020 թվականի գարնանը կառաջարկվի Կատալոնիայի Սահմանադրության նախագիծը: Կատալոնիայում արդեն հարյուրից ավելի մարդ է տուժել բողոքի ակցիաների ընթացքում: Տարածաշրջանի իրավապահ մարմինների և արտակարգ ծառայությունների տվյալներով՝ առնվազն 20 մարդ է բերման ենթարկվել տարբեր հանրահավաքների ու ցույցերի ընթացքում բռնարարքներին մեղսակցության կասկածանքով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ