Ցուցադրությունը․ վիրտուալ շրջայց Հայոց ցեղասպանության թանգարանում-Azat TV
Մշակույթ
21:00 13/01/2022

Ցուցադրությունը․ վիրտուալ շրջայց Հայոց ցեղասպանության թանգարանում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամը, շարունակելով համագործակցել On Point կազմակերպության հետ, առցանց հարթակում ներկայացնում է ևս մեկ ժամանակավոր ցուցադրություն «Հայոց պահանջատիրության հետքերով. հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» խորագրով:

Այցելելով ՀՑԹԻ կայքէջ հնարավոր է «վիրտուալ շրջայց» կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներից մեկը և առցանց տիրույթում տեսնել բացառիկ ցուցանմուշներ, շուրջ երկու տասնյակ oսմաներեն բնօրինակ կալվածագրեր՝ սեփականությունը հաստատող փաստաթղթեր, որոնք առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ:

Ընդ որում, հնարավոր է ոչ միայն տեսնել, այլև պատկերը խոշորացնելով՝ կարդալ հիմնական տեքստերը, բացատրագրերը, զննել ցուցանմուշները:

Նախաձեռնության հեղինակները Գայանե Մովսեսյանը և Էրիկ Հարությունյանն են, որոնք իրենց աշխատանքով յուրահատուկ հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրանք այս կերպ փորձել են Հայոց ցեղասպանության պատմության որոշ դրվագներ հասանելի դարձնել աշխարհի ցանկացած կետում գտնվող մարդկանց:
Հայոց ցեղասպանության թանգարանի «Հայոց պահանջատիրության հետքերով. հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» ժամանակավոր ցուցադրությանը կարող եք ծանոթանալ անցնելով այս հղումով՝ http://www.genocide-museum.am/arm/13.01.22.php: Ցուցադրությունը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն: Այն ներկայացված է հինգ պանելներով, որոնք անդրադառնում են

1. Հայկական պահանջատիրության էությանը, ձևավորմանը և փուլերին,

2. «Լքյալ գույքի» մասին օրենքներին և դրանց իրավական զարգացումներին ողջ 20-րդ դարի ընթացքում, այսինքն՝ ոչ միայն սուլթանական, այլ նաև նրան շարունակող պետության՝ հանրապետական Թուրքիայում, ընդհուպ մինչև 21-րդ դար,

3. 1919-1920 թթ. Փարիզի խաղաղության վեհաժողովին հայկական պատվիրակության ներկայացրած հատուցման պահանջներին,

4. Հայկական պահանջատիրության փաստաթղթային հենքերին՝ անհատ քաղաքացիների և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերին,

5. Հայկական պահանջատիրության «սահմաններին»՝ պետության/ իշխանությունների, վերլուծական կենտրոնների, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների դիրքորոշումներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ