fbpx
Աշխարհ

Չավուշօղլուն քննադատել է Հունաստանի նախագահի հայտարարությունը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դատապարտել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հնչեցրած հայտարարությունը Արևմտյան Թրակիայում ապրող մուսուլմանների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

«Չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տասնյակ որոշումներին՝ ժողովրդավարության օրրան հանդիսացող երկրի նախագահը մուսուլման թուրք փոքրամասնությանը կրկին հույն մուսուլման փոքրամասնություն է անվանել»,-ասել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարը պնդել է, որ Արևմտյան Թրակիայի թուրք փոքրամասնությունը դարեր ի վեր թուրք է եղել ու թուրք էլ մնալու է:

Հիշեցնենք, որ Հունաստանի նախագահը նման հայտարարությամբ հանդես էր եկել Արևմտյան Թրակիա կատարած այցի ընթացքում:

Պավլոպուլոսը նշել էր, որ ըստ Լոզանի համաձայնագրի՝ Արևմտյան Թրակիայի թուրք փոքրամասնությունը միայն կրոնական փոքրամասնություն է, իսկ Ստամբուլի ուղղափառ հույն փոքրամասնությունը՝ ազգային փոքրամասնություն:

Նրա խոսքով՝ Ստամբուլի ուղղափառ հույն փոքրամասնությունը (1453թ. Ստամբուլի գրավումից հետո Ստամբուլում մնացած հունական համայնք) հույն փոքրամասնություն է, իսկ ինչ վերաբերում է Արևմտյան Թրակիայում ապրող փոքրամասնությանը (Թուրքիայի պնդմամբ՝ թուրք փոքրամասնություն), ապա այն մուսուլման հույն փոքրամասնություն է:

Հունաստանի նախագահն ընդգծել էր, որ Լոզանի համաձայնագրում խոսք չկա թուրք փոքրամասնության մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ