Առողջապահություն
18:20 26/03/2020

Չեմ կարող ասել, որ ամեն ինչ վերահսկվում է․ Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերը, որոնք կարելի է համարել վարակի օջախներ, ինչպես օրերս հայտարարվեց՝ Երևանում Էրեբունի համայնքի ու Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի արտադրամասերն են:

Այսօր Aravot.am-ն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե այս արտադրամասերի հետ կապ ունեցող քանի անձ է մեկուսացվել կամ ինքնամեկուսացվել, արդյոք այս օջախներից վարակի շղթան, այսպես ասած, բացվե՞լ է, և վերահսկողությունից դուրս եկել, նախարարը կարո՞ղ է պնդել, որ այս և այլ օջախների հետ կապ ունեցող բոլոր անձինք բացահայտված են և վերահսկվում են:

«Չեմ կարող պնդել, որ բոլոր անձինք բացահայտված են և ամեն ինչ վերահսկվում է, բայց կարող եմ ասել, որ այդ երկու արտադրամասի հետ շփումներ ունեցած մի քանի հարյուր անձ է մեկուսացվել»,-ասաց Թորոսյանը:

Նա վստահեցրեց՝ ստույգ թիվ հնարավոր չէ ասել, թիվն անընդհատ է փոփոխվում. «Երեկ 140 անձ մեկուսացվել է էրեբունի արտադրամասի թե՛ աշխատակից, թե՛ կոնտակավոր, այսօր ևս շարունակվում է այդ գործընթացը: Եվս 2, թե 3 հարյուր հոգի մեկուսացվել էր նախորդ արտադրամասից:

Համաճարակաբանական հետաքննությունը հաճախ շատ երկար է տևում և մենք չենք դադարեցնում այն, քանի դեռ ունենք կասկած, որ չի ավարտվել և քանի դեռ ունենք ռեսուրս այդ մարդկանց գտնելու և պահելու: Որովհետև գալու է մի պահ, որը մենք անընդհատ պետք է հետաձգենք, հույս ունենալով, որ այն չի գա, վստահ չեմ, որ կգա, բայց հնարավոր է, որ կգա, և որ այդ վերջնական հիվանդին չենք կարողանալու գտնել, պարզապես փորձելու ենք գտնել բոլոր ախտանիշ ունեցողներին»:

Գրում է Aravot-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ
COVID-19. թարմացումներ