fbpx
Տնտեսություն

Չենք կարող խոսել տնտեսության զարգացման մասին, եթե այն նորարարական չէ․ նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019» -ի շրջանակներում մասնակցել է «Խելացի ապագա» թեմայով Fishbowl session ձևաչափով ոչ ֆորմալ քննարկմանը, որի ընթացքում խոսել է ապագա աշխատաշուկայի մարտահրավերների, փոփոխվող տեխնոլոգիական աշխարհում մրցունակ մնալու և կրթության դերի կարևորության մասին։

Նա իր խոսքում նշել է․ «Աշխարհն ամեն օր փոխվում է, և մենք անմասն չենք այդ գործընթացից: Առանց մարդկանց կրթելու, առանց նրանց պատրաստելու ապագայի աշխատաշուկայի մարտահրավերներին և փորձություններին, հաջողության չենք կարող հասնել: 15 տարի առաջ տեխնոլոգիաները, որոնք մեր կյանքի անբաժանելի մասն են այսօր, գոյություն չունեին: Նույն կերպ ապագայում կլինեն նոր տեխնոլոգիաներ, որոնք հիմնովին կփոխեն մեր կյանքը և աշխատաշուկան: Եթե մենք ցանկանում ենք լինել մրցունակ, ապա պետք է սկսել հիմա, արդեն այսօր պետք է սկսել պատրաստել մարդկանց ապագա կյանքին»:

Երկրորդ օրվա քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել արհեստական բանականության դերին բժշկության և դեղագործության, ծրագրավորման և տվյալագիտության, մարքեթինգի և կիրառական վարքային վերլուծության մեջ, բանկային և ֆինանսական ոլորտներում։ Fishbowl «Խելացի երկիր» քննարկման ընթացքում խոսվել է «Խելացի Հայաստան»-ի, «Խելացի քաղաքներ»-ի և «Խելացի ապագա»-ի մասին։

Տիգրան Խաչատրյանը ֆորումի երրորդ օրը մասնակցել է նաև «Զարգացմանն ուղղված ֆինանսավորման դերը՝ նորարարական էկոհամակարգերի վերափոխման գործում» պանելային քննարկմանը, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանում նորարարությունների ֆինանսավորման նշանակությանը, նորարարական էկոհամակարգի ենթակառուցվածքների զարգացման կարևորությանը, նորարարական էկոհամակարգերի վերափոխման գործում վենչուրային ֆինանսավորման դերին։ Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ չենք կարող խոսել տնտեսության զարգացման և մրցունակ լինելու մասին, եթե այն նորարարական չէ և պատրաստ չէ կլանելու նոր տեխնոլոգիաները։ Դա նշանակում է, որ նորարարական էկոհամակարգերի զարգացմանն ուղղված ֆինանսավորումը ոչ միայն հնարավորություն է ունենալու զարգացած ենթակառուցվածքներ, այլև ստեղծելու բարենպաստ ներդրումային միջավայր և հնարավորություն՝ մի շարք ոլորտներում մատուցելու բարձր որակի ծառայություններ։

«Գլոբալ ինովացիոն ֆորում 2019»-ը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների՝ FAST հիմնադրամի առանցքային տարեկան իրադարձությունն է։ Այս տարի այն անցկացվել է հոկտեմբերի 12-ից 21-ը Հայաստանում անցկացվող «Ավրորա» ֆորումի շրջանակում։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ