fbpx
Իրավական

Չհայտարարված այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա այց է կատարվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձի հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, ինչպես նաև բժշկական փաստաթղթերը:

Արձանագրվել է, որ 2019 թվականի հունիսի 13-ից սննդի ընդունումից հրաժարված անձի հացադուլը պայմանավորված է դատաքննության փուլում գտնվող քրեական գործով: Ազատությունից զրկված անձին պարզաբանվել է հացադուլի բացասական հետևանքներն իր առողջական վիճակի վրա:

Հացադուլ հայտարարած անձը բարձրացրել է հացադուլով պայմանավորված առողջական խնդիրներ, մասնավորապես՝ քաշի կորուստ, զարկերակային արյան ճնշման անկում, փսխումներ և ընդհանուր թուլություն:

Հացադուլ հայտարարած անձի առողջական վիճակի հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և դրանց կապակցությամբ համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն:

Մյուս անձանց բողոքների հիմնական մասը վերաբերել է նշանակված դատավճիռների վերանայման հնարավորություններին, ցուցաբերվող բժշկական օգնությանը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկում՝ ըստ խցերի տեղաբաշխմանը:

Բարձրացված հարցերի մի մասը քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ:

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերի լուծման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ