Մենք որեւէ մեկին չենք քննարկել որպես վարչապետի թեկնածու, մենք խոսել ենք սկզբունքների մասին։ Վարչապետի թեկնածուն պետք է որոշվի ժողովրդի անմիջական մասնակցությամբ, մենք պետք է առաջարկենք այդ մեխանիզմները։ Այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրա գնահատմամբ՝ թեկնածուն պետք է նոր ազդակ հաղորդի Դիմադրության շարժմանը։
«Ամեն ինչ պետք է տեղի ունենա առավելագույնս արագ, բայց ժամանակին։ Միակ ճանապարհն իշխանության հրաժարականին հասնելու՝ հասարակական լայն ճնշումն ու պարտադրանքն է։
Չի լինի ոչ մի կարեւոր խնդիր, որի շուրջ ընդդիմությունը քննարկումներ չիրականացնի եւ հանդես չգա առաջարկությամբ։ Բացի այդ, կշարունակենք աշխատանքը բնակչության հետ, կիրականացվեն հանդիպումներ սփյուռքի հետ, մենք կներկայացնենք մեր պլաններն իշխանափոխությունից հետո, այսինք՝ կշարունակվի դիմադրության օջախների ձեւավորման աշխատանքը։
Ընդ որում՝ մենք չենք հրաժարվի բողոքի փողոցային ակցիաներից։ Հրաժարականի հասնելու քայլերը նույնպես կքննարկվեն, դրանք կլինեն ժամանակին։ Մեր քաղաքական ուժի ներսում իրականացվում են ազատ քննարկումներ։ Ոչ ոք չի պարտադրում որեւէ մեկին ինչ-որ բան անել։
Հենց որ հասկանանք, որ նախապատրաստական աշխատանքը հասցրել ենք այն մակարդակի, որ հնարավոր լինի 72 ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր մարդկանց ջանքերով հասնել արդյունքի, պրոցեսը կսկսենք»,- ընդգծել է Սաղաթելյանը։