fbpx
Աշխարհ

Չիլիում անկարգությունները շարունակվում են․ զոհերի թիվը անցել է 10-ը

Չիլիում առնվազն 13 մարդ է զոհվել շարունակվող անկարգությունների ընթացքում: Այդ մասին, հայտնել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները: Ինչպես նշել են իրավապահ մարմիններում, բողոքների ընթացքում Սանտյագոյի մետրոպոլիտենի կայարաններին ու գնացքներին հասցված վնասը գնահատվում է 300 մլն դոլար:

«Վանդալների գործողությունների պատճառով հարկ կլինի վերականգնել մետրոյի բոլոր կայարանների 40 տոկոսը»,-հայտարարել է մայրաքաղաքի գետնուղու ղեկավար Ռուբեն Ալվարադոն:

Անկարգությունների պատճառով Սյանտյագոյի իշխանությունները հոկտեմբերի 22-ին չեղարկել են պարապմունքները դպրոցներում:

Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան երկրում անկարգությունների հետ կապված իրադրությունը, որոնք շարունակվում են մի քանի տարածաշրջաններում, համեմատել է պատերազմի հետ:

«Մենք պատերազմի մեջ ենք: Մենք ունենք զորեղ, անխնա թշնամի, որի համար ոչ մի սրբազան բան չկա, որը պատրաստ է ուժ կիրառել առանց որևէ սահմանափակման, նույնիսկ եթե խոսքը վերաբերում է մարդկային կյանքերին»,- ասել է պետության ղեկավարը ուղերձում, որը հեռարձակվել է 24 Oras հեռուստաալիքի եթերում:

Հիշեցնենք, որ Չիլիում արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են, որոնք պայմանավորված են մայրաքաղաք Սանտյագոյում մետրոյի ուղեվարձի թանկացմամբ: Այդ պատճառով քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել:

Ավելի վաղ Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան հայտարարել էր, որ մետրոյի ուղեվարձը բարձրացնելու որոշումը չեղյալ է հայտարարվել, սակայն ցուցարարներն այդքանով չէին բավարարվել. անկարգություններ են սկսվել նաև երկրի այլ շրջաններում։

Վերջին օրերի ընթացքում ցուցարարներն այրել են մետրոյի մի քանի կայարան և գրասենյակային շենքեր: Անկարգությունների ընթացքում մետրոյի սակագների թանկացումից դժգոհ քաղաքացիները նաև այրել են ավտոբուսներ ու բարիկադներ, հարձակումներ են իրականացրել իրավապահ մարմինների վրա:

Պինյերան նաև որոշում է ընդունել չեղարկել հասարակական տրանսպորտով երթևեկության գների բարձրացումը, մինչդեռ հրկիզումներն ու կողոպուտները շարունակվում են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ