fbpx
Աշխարհ

Չիլիում ավելի քան 1500 ցուցարար է ձերբակալվել․ զոհերի թիվը հասնում է 10-ի

Չիլիում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 10-ի, ձերբակալվել է ավելի քան 1500 ցուցարար: Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ինչպես փոխանցում է աղբյուրը, նրանց մեծ մասը զոհվել է առևտրի կենտրոններում բռնկված հրդեհների հետևանքով։ Այդ կենտրոնները հրկիզում են ցուցարարները կողոպուտից հետո:

Ընդ որում՝ զոհերի թվում նաև Էկվադորի մեկ քաղաքացի կա, որը մահացել է Չիլիի Սերենա քաղաքում ստացած հրազենային վնասվածքից: Որոշ տվյալներով՝ կրակոցը զինծառայող է արձակել, սակայն իշխանություններն այս պահին պաշտոնապես չեն հաստատել այդ տեղեկությունը:

Հոկտեմբերի 20-ին Չիլիում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է 1462 մարդ: Մայրաքաղաքային շրջանում ձերբակալել են 614 մարդու, մյուս 848-ը ձերբակալվել են այլ համայնքներում:

Հիշեցնենք, որ Չիլիում արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են, որոնք պայմանավորված են մայրաքաղաք Սանտյագոյում մետրոյի ուղեվարձի թանկացմամբ: Այդ պատճառով քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել:

Ավելի վաղ Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան հայտարարել էր, որ մետրոյի ուղեվարձը բարձրացնելու որոշումը չեղյալ է հայտարարվել, սակայն ցուցարարներն այդքանով չէին բավարարվել. անկարգություններ են սկսվել նաև երկրի այլ շրջաններում։

Վերջին օրերի ընթացքում ցուցարարներն այրել են մետրոյի մի քանի կայարան և գրասենյակային շենքեր: Անկարգությունների ընթացքում մետրոյի սակագների թանկացումից դժգոհ քաղաքացիները նաև այրել են ավտոբուսներ ու բարիկադներ, հարձակումներ են իրականացրել իրավապահ մարմինների վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ