fbpx
ՏՏ

Չինաստանը հետաքննություն է սկսել ամերիկյան FedEx ընկերության նկատմամբ

Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային պատերազմի ֆոնին ԿԺՀ իշխանությունները հետաքննություն են սկսել FedEx արագ առաքման ծառայության նկատմամբ: Ամերիկյան ընկերությունը մեղադրվում է Huawei-ի հաճախորդների համար նախատեսված մի քանի ծանրոցների ԱՄՆ ապօրինի տեղափոխման մեջ:

«FedEx-ը լրջորեն խախտել է հաճախորդների օրինական իրավունքներն ու շահերը»,- հաղորդել է Չինաստանի Xinhua լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ Huawei չինական հեռահաղորդակցային կոնցեռնը FedEx-ին մեղադրել է այն բանում, որ Huawei-ի Ասիայում գտնվող մասնաճյուղերի փոխարեն ամերիկյան ընկերությունը Huawei-ի համար նախատեսված մի շարք փաթեթներ ուղարկել է Միացյալ Նահանգների կենտրոնական բազա:

FedEx-ը ներողություն է խնդրել, հավաստիացնելով, որ ծանրոցները պատահականորեն են ուղարկվել ԱՄՆ:

Չինաստանի հետ առևտրային պատերազմ սկսած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն սրել է մի քանի շաբաթ առաջ Huawei-ն ընդգրկելով «սև ցուցակում», ընկերությանը մեղադրելով լրտեսության մեջ: Արդյունքում, մի շարք համակարգչային չիպեր արտադրողներ և Google ինտերնետ-կոնցեռնը սահմանափակել կամ լիովին դադարեցրել են համագործակցությունը Huawei-ի հետ:

Ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների, Պեկինը մայիսի 31-ին հայտարարել է, որ մտադիր է հրապարակել «անհուսալի» օտարերկրյա ընկերությունների, կազմակերպությունների և անհատների ցանկը, որոնք վնաս են հասցնում չինական ձեռնարկությունների շահերին: Չինաստանը սպառնացել է նաև սահմանափակել ԱՄՆ հազվագյուտ մետաղների արտահանումը, որոնք անհրաժեշտ են համակարգիչների, սմարթֆոնների, էլեկտրատեխնիկայի և ավտոմոբիլների արտադրության համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ