fbpx
Առողջապահություն

Ճիշտ սնվելու 9 կանոն

Մարսողական համակարգի շատ հիվանդություններ, ինչպես նաև վատ ինքնազգացողությունը, անքնությունն ու նյարդայնությունը կարող են առաջանալ սննդի սխալ ընդունման հետևանքով։ Ուստի, ճիշտ և լավ սնվելը մի ամբողջ արվեստ է։ Պետք է մտածել ոչ միայն լավ օրաբաժնի և սննդի ճիշտ պատրաստման մասին, այլ ՝ թե ինչպես ճիշտ ուտել։

Ճիշտ սնվելու 9 կանոն։

1․ Կերե՛ք լավ տրամադրությամբ

Եթե շատ եք հոգնել, ձեր նյարդերը լարված են, կամ բարկացած եք, ապա այդ հոգեվիճակում մի՛ սնվեք։ Նախ, մի փոքր հանգստացեք՝ բաց լուսամուտի մոտ, մի քանի անգամ խորը շնչեք ու արտաշնչեք, և երբ կզգաք, որ հանգստացել եք, սկսեք ուտել։ Ուտելու ժամանակ չի կարելի զուգահեռ կարդալ, սոցցանցեր մտնել, կամ խոսել աշխատանքի տհաճ գործերի մասին, քանի որ դա խանգարում է մարսողական հյութերի նորմալ արտադրմանը և սննդի ճիշտ յուրացմանը։ Ինչպես ասել է ռուս ֆիզիոլոգ, հոգեբան Իվան Պավլովը․ «Երբ ես ուտում եմ, խուլ եմ ու համր»։ Սնունդը լավ մարսելուն նպաստում է նաև հանգիստ իրադրությունը, լավ սպասքավորված սեղանը և հաճելի երաժշտությունը։

2․ Վայելե՛ք համեղ կերակուրը

Ընդհանրապես պետք է հաճույքով ուտել։ Ախորժակը մարսողական գեղձերի արտազատության ամենաուժեղ գրգռիչն է։ Համեղ կերակուրը վայելելով ուտելը բարենպաստ է անդրադառնում նյարդային համակարգի վրա։

3․ Սնունդը ծամե՛ք դանդաղ

Սնունդի դանդաղ ու տևական ծամելը, թքի հետ խառնվելով, հեշտացնում է մարսողությունը։

4․ Սնվե՛ք, երբ ախորժակ ունեք, բայց օրական 3-4 անգամից ոչ հաճախ

Ախորժակը հաճախ գրգռվում է, և պահպանվում միայն այն դեպքում, երբ մարդն ուտում է որոշակի ժամերի։ Օրգանիզմի բոլոր օրգաններն ու համակարգերը հանգստի կարիք ունեն։ Երբ մարդը քաղց է զգում, սկսում են ազդանշաններ հաղորդել գլխուղեղի կեղև, արտադրվում է ստամոքսահյութ՝ հենց այդ ժամանակ էլ պետք է ուտել։

5․ Երբեք մի՛ կերեք շատ սառը սնունդ

Շատ սառը սննդի օգտագործման դեպքում՝ պաղպաղակ, սառը ապուրներ և ըմպելիքներ, կարող են առաջացնել ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում՝ գաստրիտ։

6․ Խուսափե՛ք շատ տաք ու գրգռող սննդից

Որոշ երկրներում մեծ քանակությամբ տաք ու թունդ թեյ են խմում, իսկ որոշ երկրներում էլ՝ չարաշահում են սև պղպեղը, կարմիր կծու պղպեղը, մանանեխը, քացախը, ծովաբողկը և համեմունքները, որոնք գրգռում են ստամոքսի արտազատությունը և առաջացնում ստամոքսի բորբոքում ՝ գաստրիտ։

7․ Մի՛ կերեք ուշ երեկոյան

Ապացուցված է, որ ուշ ուտելու դեպքում՝ քնելուց առաջ, ստամոքսում առաջանում է ծանրություն, սրտի շրջանում՝ տհաճ զգացողություն, իսկ երազում՝ հաճախակի մղձավանջներ։ Հատկապես ավելի գեր, ծեր կամ աղեստամոքսային ու երիկամային հիվանդություններ ունեցող անձինք են այդ խնդրի հետ բախվում։ Ընթրիքը պետք է լինի թեթև, կազմված լինի չգրգռվող ու դյուրամարս սննդից՝ կաթից, բրնձից, մրգերից ու կոմպոտներից։

8․ Հնարավորության սահմաններում ճաշին կերե՛ք մսի, ձկան կամ բանջարեղենի տաք ապուր

Հետևյալ տաք ապուրները գրգռում են ախորժակը և բարձրացնում սննդի մարսելիությունը։ Ապացուցված է, որ չոր սնունդը ավելի դժվարությամբ է մարսվում։ Մյուս կողմից, ապուրն առաջացնում է մարսողական հյութերի առատ արտադրություն։ Բացի այդ, ապուրին հաճախ ավելացնում են կիտրոնի հյութ, քացախ, գինեթթու կամ որոշ համեմունքներ, որոնք գրգռում են համային ապարատը և մարսողության կենտրոնը։ Քաղցր կերակրատեսակները միշտ պետք է թողնել վերջում, քանի որ շաքարը արագ հագեցնում է ու փակում ախորժակը։

9․ Չի՛ կարելի ուտել չափից շատ և չափազանց շատ հեղուկներ օգտագործել

Ստամոքսի չափից ավելի ծանրաբեռնումը հանգեցնում է նրա մկանների գերձգմանը, տոնուսի իջեցմանը և ծավալի մեծացմանը։ Այդ կանոնը պետք է պահպանել նաև հանդիսավոր տոների ժամանակ, երբ հաճախ չափից ավելի ուտելու և հեղուկների ավելցուկային օգտագործման դեպքում, առաջանում են ոչ միայն ստամոքսի ու աղիների, այլ նաև ենթաստամոքսային գեղձի բորբոքումներ, ինչպես նաև լյարդի և լեղուղիների ֆունկցիոնալ խանգարումներ։

Ճիշտ սնվեք, որպեսզի լինեք առողջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ