fbpx
Առողջապահություն

Չորս գործոն, որոնք հանգեցնում են տեսողության վատթարացման

Երկար ժամանակ համակարգչով աշխատելը կամ սմարթֆոնի էկրանին նայելը տեսողության վրա բացասաբար անդրադարձող ամենահայտնի գործոններն են, բայց իրականում կա առնվազն չորս այլ գործոն, որոնք կարող են հանգեցնել ոչ միայն տեսողության վատթարացման, այլև անգամ դրա ամբողջական կորստի։ Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է ակնաբույժ Դմիտրի Սագոնենկոն։

«Առաջին գործոնը սխալ սննդակարգն է։ Եթե ձեր սննդակարգը չի պարունակում բավարար քանակությամբ այնպիսի տարրեր, ինչպիսին են լյուտեինը և զեաքսանտինը (կարոտինոիդներ), ինչպես նաև օմեգա-3 ճարպաթթուները, դա զգալի մեծացնում է տարիքային մակուլյար դեգեներացիայի (ցանցաթաղանթի կենտրոնի վնասման) և կենտրոնական տեսողության կորստի վտանգը: Այս հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է 50 տարեկանից բարձր անձանց շրջանում, սակայն կարող է ախտորոշվել նաև երիտասարդների մոտ։ Դրա կանխարգելման համար անհրաժեշտ է ուտել «գունավոր մթերք»՝ կարմիր պղպեղ, սպանախ, ձվի դեղնուց, ինչպես նաև յուղոտ ձկնատեսակներ։ Այլընտրանքային տարբերակ կարող է լինել վիտամինահանքանյութային համալիրների ընդունումը»,- նշել է մասնագետը։
Երկրորդ գործոնը, ըստ Սագոնենկոյի, բնական արևային լույսի բացակայությունն է, որը մեծացնում է կարճատեսության զարգացման հավանականությունը։ Երբ ցանցաթաղանթը ենթարկվում է արևի լույսի ազդեցությանը, արտազատվում է դոֆամին, որը կանխում է ակնագնդի երկարացումը, որը նկատվում է կարճատեսության դեպքում։

«Երրորդ գործոնը աչքերի հաճախակի տրորումն է, հատկապես ալերգիկ հիվանդությունների ֆոնին։ Սա այնպիսի հիվանդության զարգացմանը նպաստող ապացուցված գործոն է, ինչպիսին է կերատոկոնուսը՝ եղջերաթաղանթի (աչքի թափանցիկ թաղանթ) բարակացումը: Այն զգալիորեն թուլացնում է տեսողությունը, իսկ խորացած փուլերում ենթադրում է փոխպատվաստում (կերատոպլաստիկա)»,- նշել է ակնաբույժը։
Բացի այդ, տեսողության վրա բացասաբար է անդրադառնում նաև ծխախոտի գործածությունը։ Ենթադրվում է, որ նիկոտինի գործածությունը հանգեցնում է ցանցաթաղանթի անոթների վնասման, ինչի հետևանքով ի հայտ են գալիս աչքի հատակի արյունազեղումներ և այլ պաթոլոգիաներ։ Բացի այդ, ըստ մասնագետի, հազվադեպ դեպքերում կարող է նկատվել տեսողական նյարդի մահ։ Ավելի՝ ծխախոտի ծուխը կարող է նաև գրգռել ու բորբոքել աչքի լորձափաղանթն ու խանգարել արցունքների արտադրությունը, ինչը ևս կարող է բացասաբար անդրադառնալ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ